Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները հակասահմանադրական են որակում Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչը


«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում հակասահմանադրական են որակում վարչապետ Նիկոլ Փաինյանի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչը։

«Ես միանում եմ այն կարծիքին, որ դա հակասահմանադրական կոչ է, որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 163-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ արդարադատության իրականացմանը որևէ ձևով միջամտելն արգելվում է, և եթե ինքը քաղաքական հիսաթափություն ունի ինչ-որ մարդկանցից, դա չպիտի արտահայտվի դատարանների նկատմամբ ճնշում գործադրելով, դատարանների աշխատանքը կազմալուծելով, պարալիզացնելով։ Եթե կոնկրետ դատավոր կոնկրետ գործով կայացրել է այդպիսի որոշում, որն իր կարծիքով չի համապատասխանում օրենքին, նախ վարչապետը չպետք է միջամտի, այլ պետք է լինի համապատասխան ընթացակարգ, որը սահմանված է օրենքով, բողոքարկվի դատական ակտը, եթե պարզվի որ դատավորն ակնհայտ անօրինական վճիռ է կայացրել, նրա նկատմամբ վարույթ հարուցվի և իրականացվի համապատասխան գործողություններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Ընդդիմադիր պատգամավորը վարչապետի կոչը որակեց սահմանադրական կարգի տապալման դրսևորում։

«Վարչապետը տնտեսական հեղափոխությունը թողած ընգել, զբաղվում ա արդարադատության խնդիրներով, ես դա որակում եմ որպես սահմանադրական կարգի տապալման դրսևորում և կոչ եմ անում հարգարժան վարչապետին, եթե անգամ զայրացած է եղել այդ որոշումը կայացնելիս, հետ կանգնել դրանից, որովհետև դրանով վտանգ է ստեղծվում քաղաքացիական պատերազմի, ինչին անմիջապես կարա հաջորդի շատ ավելի վատ բան, քան մենք մտածում ենք՝ մեր պետականության կորոստը, որովհետև մենք այսօր պատերազմող երկիր ենք և մեր թշնամի երկրին շատ ձեռնտու կլինի ներքաղաքական վիճակի այսպիսի հանգուցալուծումը», - ասաց Պետրոսյանը։

«Կոչ ենք անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերանայել իր կոչը»

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հորդորում են վարչապետին՝ վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը և նվեր չանել Ռոբերտ Քոչարյանին։

«Այս պարագայում խաթարվում է ՀՀ֊ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները՝ վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը», - նշում է ԼՀԿ-ն՝ շարունակելով․ - «Գործադիր իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետի արդեն մեկ տարի ուներ և այժմ էլ ունի դատական համակարգը օրինազանց դատավորներից մաքրելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելու գործնական բոլոր լծակները, ինչը մինչև այժմ չի արվել։ Կոչ ենք անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերանայել իր կոչը և ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիները կարողանան պաշտպանել և իրացնել իրենց սահմանադրական իրավունքները»։

ԼՀԿ-ն նաև կոչ է անում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին վաղը ևեթ հրավիրել արտահերթ նիստ`քննարկելու ստեղծված իրավիճակը։

«Միևնույն ժամանակ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որի արդյունքում կունենանք լիարժեք գործող և ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ»։

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակելուց մեկ օր անց վարչապետ Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի առավոտյան 8։30-ից արգելափակել դատարանների դռները, նաև տեղեկացրեց, որ 12։00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG