Մատչելիության հղումներ

ՀՀԿ֊ն դատապարտում է աննախադեպ ճնշումը դատական համակարգի վրա


Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել վաղն առավոտյան երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի վերաբերյալ։

Հղում կատարելով ՀՀ սահմանադրության և Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, որոնք վերաբերում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելուն և սահմանադրական կարգը տապալելուն, Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ երկրում «վտանգված է սահմանադրական կարգը, իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքը և մարդկանց մի շարք հիմնարար ազատություններ և իրավունքներ»։

Նախկին իշխող ուժը նաև «խստորեն» դատապարտում է «վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվող աննախադեպ ճնշումը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի վրա»։

«Այս գործելաոճը չվերականգնվող վնաս է հասցնելու երկրում արդար դատավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին։ Այն խորացնում է հասարակության պառակտումը, խաթարում հանրային համերաշխիւթյան մթնոլորտի ձևավորումը և նոր զարկ տալիս անհանդուրժողականությանն ու ատելության քարոզչությանը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով», ֊ ասված է հայտարարությունում։

ՀՀԿ Գործադիր մարմինը նաև կոչ է անում «1. Հայ ժողովրդին՝ զերծ մնալ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրվող, վտանգավոր և արկածախնդիր գործընթացներին մասնակցելուց։ 2. Կուսակցություններին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, հասարակական գործիչներին միանալ պետականակործան այս գործընթացների դատապարտման և կանխման աշխատանքներին։ 3. Իրավապահ համակարգին ապահովել դատական իշխանության բնականոն գործունեությունը բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակում, միջոցներ ձեռնարկել երկրում սահմանադրականության համար սպառնալիքներ ստեղծող անձանց նկատմամբ՝ անկախ զբաղեցրած պաշտոններից։ 4. Միջազգային հանրությանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանի գործող իշխանությունների կողմից կազմակերպված գրոհին Սահմանադրության և դատական համակարգի հանդեպ»։

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակելուց մեկ օր անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի օրը՝ մայիսի 20֊ին, առավոտյան 8։30-ից արգելափակել դատարանների դռները, նաև տեղեկացրեց, որ 12։00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG