Exxon Mobil ամերիկյան նավթարդյունահանող խոշոր ընկերությունը դուրս է հանել աշխատակիցներին Իրաքի տարածքում գտնվող նավթահանքերից: Այդ մասին հայտնել է Իրաքի նավթարդունաբերության նախարար Թամեր Ղադբանը:
Exxon Mobil-ն Իրաքից դուրս է հանել մոտ 60 աշխատակիցների, որոնց մեծ մասն ամերիկացիներ են:
Դա, վերլուծաբանների համոզմամբ, վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգների և Իրանի հետզհետե սրվող հարաբերությունները կարող են հանգեցնել ռազմական առճակատման:
Իրաքի նավթարդյունաբերության նախարար Ղադբանը հրապարակել է հայտարարություն, որով Exxon Mobil-ի ղեկավարներին խստորեն քննադատել է աշխատակիցներին դուրս հանելու համար և պնդել, որ ընկերությունը չհիմնավորված և անընդունելի քայլ է կատարել, «քանի որ Իրաքի հարավում գտնվող նավթահանքերին որևէ վտանգ չի սպառնում»:
Վաշինգտոնը վերջին շրջանում ավելացրել է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում, իսկ պետական դեպարտամենտն Իրաքում աշխատող դիվանագետներին կարգադրել է հեռանալ երկրից:
Մայիսի 16-ին Միացյալ Նահանգների քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունն ամերիկյան քաղաքացիական ավիաընկերություններին հորդորել է խուսափել Պարսից ծոցի օդային տարածքից: