Մատչելիության հղումներ

Վարչապետի մոտ քննարկվել է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը, որը մշակել է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ):

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մանրամասն ներկայացրել է նախագծով առաջարկվող քայլերն ու նպատակները: Նրա խոսքով՝ առաջարկվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար արտահանման և ներմուծման գործընթացների կարգավորման նպատակով տարբեր գերատեսչությունների գործառույթները ներառել «մեկ պատուհան» սկզբունքի ներքո: Ըստ Անանյանի, դա կնպաստի ընթացակարգերի դյուրացմանը, մատուցվող ծառայությունների պարզեցմանը: Նախագծի նպատակներն են՝ ԱՏԳ ձևակերպումների իրականացման ապակենտրոնացումը, Հայաստանի տարածքում մաքսային ձևակերպումներ իրականացնող կետերի ծանրաբեռնվածության համահարթեցումը, բոլոր տնտեսվարողների համար ստանդարտացված գործելակերպի, սակագների և ընթացակարգերի կիրառումը, «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա ընթացակարգերի ներդրումն ու ծառայությունների մատուցումը, տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը և այլն:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է առաջիկայում նախագիծը լրացուցիչ քննարկել շահագրգիռ գերատեսչությունների, փորձագիտական շրջանակների ու բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ այսօր Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մեկ այլ խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են կառավարության ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձել է գույքագրված ներդրումային առաջարկներին ու դրանց ընթացքին: Նախարարի խոսքով՝ ներկա դրությամբ կան 56 ներդրումային ծրագրեր. 38 ներդրումային ծրագրեր՝ 1,2 մլրդ դոլար արժողությամբ, համարվում են իրատեսական, դրանք գտնվում են ընթացքի տարբեր փուլերում: Մնացած 18 ծրագրերը քննարկման փուլում են: Ըստ նախարարի՝ ներդրումային նախագծերը վերաբերում են քաղաքաշինության, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտների:

Անդրադարձ է կատարվել Երևանի տարբեր հատվածների հետ կապված ներդրումային առաջարկներին, ընթացքի մեջ գտնվող ծրագրերին ու առաջացած խնդիրներին: Վարչապետն անհրաժեշտ է համարել տարբեր քաղաքաշինական ծրագրերի ընդհանուր ռազմավարության մշակումը և ըստ դրա ներդրումային առաջարկությունների քննարկումը:

Ճանապարհաշինության հետ կապված զեկուցվել է, որ մայիսի 15-ից սկսվել են 85 կիլոմետր երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, հունիսի 15-ից ևս նոր թափ կհաղորդվի ճանապարհաշինական աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ նախատեսված աշխատանքներն ու ընդգծել. - «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այս տարվա ընթացքում 330 կմ ճանապարհ բերենք նորմալ վիճակի»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում ընտանեկան կամ սոցիալական նպաստից քաղաքացիներին չզրկելու, երկրում առկա բոլոր թափուր աշխատատեղերի հաշվառման, ամենամսյա վարկեր սպասարկող (100 հազար դրամ և ավելի գումարով) և միևնույն ժամանակ ընտանեկանու սոցիալական նպաստի համակարգից օգտվող անձանց բացահայտման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:

Բաթոյանը նշել է, որ Հայաստանում հաշվառվել է 3438 թափուր աշխատատեղ, սակայն գործընթացն ընթացքի մեջ է, և առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վարչապետին կներկայացվի ամփոփ տեղեկատվություն: Ամենամսյա վարկեր սպասարկող (100 հազար դրամ և ավելի գումարով) և միևնույն ժամանակ ընտանեկան և սոցիալական նպաստի համակարգից օգտվող անձանց բացահայտման ուղղությամբ ևս հետևողական աշխատանքներ են տարվում, ասել է նախարարը: Վարչապետն անընդունելի է համարել նման դեպքերը և նշել, որ անհրաժեշտ է դրանց տալ իրավական ընթացք, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG