Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց «ամբողջությամբ բավարարեց» դատարանի այսօր հրապարակած որոշումը Հայաստանի երկրորդ նախագահին անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակելու մասին:
Նախկին նախագահի մյուս որդին՝ Լևոն Քոչարյանը «Ազատության» հարցին, թե ինչպես է մեկնաբանում դատարանի որոշումը, արդյոք այն բավարարեց իրեն, արձագանքեց․ - «Էնքանով է բավարարել, որ հայրս հիմա պետք է դուրսը լինի, բնականաբար՝ էդքանով բավարարել է»:
Լրագրողներից մեկի հարցին էլ՝ իր համար սպասելի՞ էր այդ որոշումը, նա պատասխանեց․ - «Ինչ-որ չափով՝ այո, հաշվի առնելով նաև երաշխավորությունները»:
«Ազատության» հարցին էլ՝ «մինչ այդ պաշտպանները հայտարարում էին, որ դատավորի նկատմամբ ճնշումներ կան, այս որոշումը ինչի՞ մասինէ վկայում», Լևոն Քոչարյանը արձագանքեց․ - «Շարունակությունը կտեսնենք, ժողովուրդ, պրոցեսը չի վերջացել, գիտեք՝ հիմնական դեռ լինելու է: Ինձ թվում է՝ ավելի էնտեղ կհասկանանք՝ ճնշումը կա, չկա, մնացածը»:
«Արդեն էն, որ հայրս էսքան ժամանակ նստած էր, մենք համարում ենք, որ դա ապօրինի էր ուղղակի», - նշեց պաշտոնաթող նախագահի որդին:
Հոր դեմ բողոքի ակցիա անցկացնողների վերաբերյալ էլ Լևոն Քոչարյանը հայտարարեց․ - «Կասեմ, որ մի քիչ չեմ հասկանում չարության իմաստը: Այսինքն՝ մի բան է, որ գալիս ես մի մարդու պաշտպանելու, որ դուրս գա ազատության մեջ, մի բան է գալ, էդ պաստառները պահել: Չեմ հասկանում իմաստը, այսինքն՝ հասկանալով, որտեղից է ուղղորդվում, հասկանում ենք իմաստը»:
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը հրապարակելուց դեռ ժամեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի առջև հավաքվել էին նախկին նախագահին հերոս ու մարդասպան համարող քաղաքացիները: Երկու ակցիաների մասնակիցներին, նախորդ օրերի պես, ոստիկանական շղթան էր բաժանում: Այս անգամ անհամեմատ շատ էր տարածքում ծառայություն իրանակացնող ոստիկանների թիվը: Որքան մոտեցավ որոշման հրապարակման ժամը, այնքան ոստիկանների թիվն ավելացավ՝ երկու ոստիկանական ավտոբուս, չորս բեռնատար ավտոմեքենա եկավ տարածք:
Վիրավորանքների պակաս այսօր էլ չեղավ:
Քոչարյանի դեմ ակցիա իրականացնողները զայրացան, երբ տարածքում տեսան Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին: Նա եկել էր իր աջակցությունը հայտնելու նախկին նախագահին:
«Ես եկել եմ աջակցելու ինքս ինձ, որովհետև առաջին քաղաքական գործիչն եմ եղել Հայաստանում, որ Ռոբերտ Քոչարյանին անվանել եմ որպես քաղաքական բանտարկյալ: Իմ այստեղ ներկա լինելը՝ բացառապես որպես Էդուարդ Շարմազանով, և ես եկել եմ աջակցելու Արցախի առաջին նախագահին, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին, աջակցելու արդարությանը, և որևէ մեկի դեմ չեմ: Ես իմ հայրենիքում, ի տարբերություն շատ մարդկանց, երբեք ոչ հակառակորդներ, ոչ էլ թշնամիներ ունեմ: Ես միշտ ազատության ու արդարության կողմն եմ», - հայտարարեց Շարմազանովը՝ հավելելով․ - «Հանրապետական կուսակցությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է»:
Իսկ կրքերը լարվեցին հատկապես այն ժամանակ, երբ հայտնի դարձավ՝ դատարանը որոշել է ազատ արձակել նախկին նախագահին:
Որոշման հրապարակումից հետո Քոչարյանի կողմնակիցները ողջունեցին այն՝ տեղի ունեցածը գնահատելով որպես հաղթանակ և շնորհավորելով միմյանց, իսկ ընդդիմախոսները բողոքի երթ անցկացրեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ կարճատև հանրահավաք անցկացնելուց հետոո կրկին քայլերթ սկսեցին Երևանի կենտրոնական փողոցներով:
Ազատության հրապարակից քայլերթի ավարտին, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ, դատարանի որոշումից դժգոհ քաղաքացիները բռունցքները վեր պարզած մեկ րոպե լռությամբ հարգեցին 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների տասը զոհերի հիշատակը:
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր անցած տարվա դեկտեմբերի 7-ին: Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:
Նախկին նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: