Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի հետ կապված Քոչարյանի ակնարկները Սերժ Սարգսյանին ամենևին էլ նոր չեն․ վերլուծաբան


Վերլուծաբան Հակոբ Բադալյան, արխիվ

Երեկ դատական նիստի ընթացքում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ կիսանախագահական համակարգում խորհրդարանի մեծամասնությունն ունեցող վարչապետը ավելի մեծ լիազորություններ ունի քան անկուսակցական նախագահը:

2008 թվականին անկուսկացական նախագահը Քոչարյանն է, իսկ խորհրդարանում մեծամասնություն ունեցող վարչապետը Սերժ Սարգսյանը։

«Ընդհանրապես էդ հարցը հանրության մոտ էլ, բնականաբար, եղել է, կա, բարձրաձայնվել է, թե գործող վարչապետը, պաշտոնապես ընտրված նախագահը, խորհրդարանի մեծամասնության ղեկավարը ինչ ազդեցություն է ունեցել իշխանության որոշումների կայացման գործում այդ օրերին, մասնավորապես, մարտի 1-ին։ Այս հարցը կա, այս հարցի պատասխանները Սերժ Սարգսյանն ինքը մանրամասն չի տվել՝ ինքը մասնակցե՞լ է արդյոք որոշումների կայացմանը, լսե՞լ են իրեն, թե՞ ոչ։ Էս հարցերը, իհարկե, կա և երբ Քոչարյանը բարձրացնում է դրանք, առնվազն հիմք կա այդ հարցերը բարձրացնելու: Բայց բացի դրանից նաև էստեղ քաղաքական ներքին հարաբերությունների խնդիր կա, և սա արտահայտվում է նաև թավշյա հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո, երբ մի շարք հարցազրույցներում Ռոբերտ Քոչարյանը, էսպես տողատակով, բավական թափանցիկ, կասկած-ակնարկներ էր անում Սերժ Սարգսյանի վարքագծի վերաբերյալ թե՛ դրանից առաջ, թե՛ հեղափոխության օրերին և այլն», - նշեց Հակոբ Բադալյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանից այսօր հետաքրքվեցինք՝ երկրորդ նախագահի հայտարարությունը, որ 2008-ին վարչապետ Սերժ Սարգսյանի լիազորություները ավելի մեծ էին, քան իրենը, նշանակո՞ւմ է արդյոք, որ Քոչարյանի պաշտպանական թիմը կարծում է, որ Սերժ Սարգսյանի պատասխանատվության բաժինն էլ ավելի մեծ էր, քան այսօրվա նրա ունեցած վկայի կարգավիճակը։

«Պատասխանատվության հարցին՝ ով ունի էս հարցում պատասխանատվություն, ես հիմա չեմ անդրադառնա: Բայց էդ արգումենտը բացատրեմ ինչի հետ էր կապված. ընդամենը, քանի որ մոտիվ էին ձևավորում իշխանությունը հանձնելու հետ կապված, պարոն Քոչարյանը շատ պարզ ներկայացրեց, բավականին իրավաբանորեն, որ իշխանության հանձնման գործընթաց, որպես այդպիսին, չկա։ Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ ոչ միայն գրված չի, այսինքն ոչ թե ես ասում եմ՝ չկա, այլ նաև Սասուն Խաչատրյանը ուղղակիորեն ասել է, որ ընտրությունների կեղծման հարց չկա, չեն կարող քննարկել, չունեն և չեն գտնում, որ կեղծվել է։ Էդ փաստը ֆիքսենք, այսինքն դա պաշտոնական մեղադրանքի կողմի դիրքորոշում է այս պահի դրությամբ։ Ընդամենը Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ մեղադրանքի մեջ, որ գրել եք իշխանությունը հանձնել, իշխանության հանձնելու գործընթաց չկա. Սերժ Սարգսյանը եղել է վարչապետ, որից հետո՝ ամսի 9-ին թե 10-ին, ինքը իշխանությունը ստանում է Ազգային ժողովի նիստում։ Ավելին՝ ինքը բերեց նաև օրինակը, որ եթե էդ նիստը չլիներ, պարոն Քոչարյանը շարունակելու էր լիներ նախագահ։ Նախագահի պաշտոնակատար էր կամ գործառույթները իրականցնելու էր Ազգային ժողովի նախագահը, եթե չեմ սխալվում, որից հետո, երբ որ նիստը կլինի, Սերժ Սարգսյանը ստանձնելու էր պարտականությունները։ Ինքը ընդամենը այդ արգումենտը բերում էր ցույց տալու համար, որ իշխանության հանձնման մոտիվ, գործողություն, նպատակ չկա։ Ո՞վ է մեղավոր գործընթացներում, դա դատաքննության փուլում կքննարկենք, ու «ո՞վ է մեղավոր»-ը մի նայեք մենակ կառավարությունից ով է մեղավոր, այլ ավելի լայն դիտարկեք», - նշեց Քոչարյանի փաստաբանը։

Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ ակնարկն ավելի շուտ ուղղված էր Սերժ Սարգսյանին, քան իրավապահ մարմիններին՝ Սերժ Սարգսյանի կարգավիճակը փոխելու ուղերձով: Նկատում է՝ այդուհանդերձ ուժային կառույցների ղեկավարումը գտնվում էր նախագահի լիազորության տիրույթում, իսկ մարտի 1-ին գործ ունենք ուժայինների օպերացիայի հետ։

«Նախկին համակարգին ինքը հիշեցնում է, որ էն ինչ-որ արվել է, էն ինչ-որ կատարվել է, դա կատարվել է բոլորիս պատասխանատվությամբ: Կհարկե կոնկրետ առարկայական ամեն մեկն իր բաժինն ունի, բայց ինչո՞ւ եմ ես էստեղ հայտնված, և արդյո՞ք էստեղ կա նաև դավադրություն, որ հիմա թավշյա հեղափոխությունից հետո բոլորդ ազատության մեջ եք, իսկ ես՝ ոչ: Կարծում եմ, նաև այս տողատակը կա։ Այդ ներքին հարաբերությունների պարզաբանման մասին, որ խոսում էի, կարծում եմ նաև էս հարցն է», - ընդգծեց Բադալյանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին դատական գործընթացը լավատեսություն չի հաղորդում: Նրանք նկատում են, որ երեկ կայացած դատական նիստում մեղադրանքի կողմը մեկ անգամով ավելի է հանդես եկել, մինչդեռ ամբողջ աշխարհում ընդունված ընթացակարգ կա, որ կողմերը ելույթները պետք է զույգ լինեն։ Բացի այդ, դատախազի ելույթում նկատել են դատավորին ուղղված անուղղակի սպառնալիքներ:

«Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազական մոտեցում, որ բոլորին պետք է ձերբակալել, բոլորին պետք է կալանքի տակ պահել, որովհետև բոլոր մարդիկ հանցագործ են կամ պոտենցյալ հանցագործ», - ասաց Օրբելյանը։

Քոչարյանի փաստաբանները ասում են, որ եթե Արցախի ներկա ու նախկին նախագահների խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը հաշվի չառնեն, դա կնշանակի, որ այդ ինստիտուտը կկորցի իր նշանակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG