Մատչելիության հղումներ

«Կանդալած ուղարկել են մինչև սամալյոտ». արտաքսվածներ


Դյուսելդորֆ - Երևան չարթերային չվերթin սպասողները քիչ են : Գերմանիայից արտաքսվող ընտանիքներից շատերը չէ, որ կարողացել են հարազատներին տեղյակ պահել դեպորտի օրվա ու ժամի մասին:

«Հիմա որ փեսուս տենամ, վստահ եմ, որ չեմ ճանաչելու», - ասաց դիմավորողներից Սուրիկ Անդրեասյանը:

Սուրիկ Անդրեասյանը դստերը ուղարկել է Գերմանիա՝ ամուսնանալու, հիմա դիմավորում է փեսային․ նրան արտաքսել են, հղի դստերը՝ պահել․ - «Իրանց հսկողության տակ լագեռում ա: Շատ վատ ա: Իրանք էդ հույսով էին, որ հղիությունը կօգտագործեն, որ մնան էնդեղ, բայց․․․»

Տիկին Թամարայի որդու պատմությունն էլ տրագիկոմեդիայի ժանրից է․ 3 տարի տեսակապով ընկերություն էր անում Գերմանիայում ապրող հայուհու հետ, հետո գնաց ու արագ արտաքսվեց՝ առանց հարսին տեսնելու․ - «30-ի երեկոյան թռել ա, ամսի 1-ին դեպորտը արել են»:

Չարթերային այս չվերթով Հայաստան հասան Գերմանիայից արտաքսված շուրջ 80 հայեր: Նրանցից շատերը դժգոհությունը հենց ժամանման սրահում էլ չէին թաքցնում:

«Ես Գերմանիայից շատ գոհ եմ, վիրահատել ա, ճառագայթը տվել ա», - պատմեց մի կին: - «Հիմա էկել եմ Հայաստանի վերաբերմունքը տենամ, որ կանչեց, Հայաստանն ինձ պահանջեց: Տեսնեմ անվճար ինձ կբուժի՞»:

«Հայաստանում թող այնքան լավ լիներ, որ մեր կամքով գայինք», - սրահով մեկ բողոքում էր տիկին Հայկուհին: - «Խաբեբայություն ա, որ դրսից բոլորին ներս բերեն Հայաստան: Հեպատիտ C եմ եղել, հարյուր հազարից ավելի փողեր են դրել վրես, բուժել ա էդ երկիրը»:

Մշտոյանների ընտանիքը անգամ կատակում էր: Ասացին, որ ստիպված են հարմարվել:

«Էրեխեքի համար պիտի ինձ պահեմ, որովհետև էրեխեքը շատ վատ են տանում», - ասաց կինը:

Ամուսինը հավելեց․ - «Կանդալած ուղարկել են: Չեն թողել մի բան վեկալենք: Մինչև սամալյոտ նստացնելը կանդալած»:

Սադիկյանների ընտանիքը չորս երեխաների հետ մի քանի ժամ օդանավակայանում էր, դիմավորող չկար:

«Ստեղ ապրել չի լինի, աշխատանք չկա: Չորս էրեխեքին ո՞նց պիտի պահենք», - ասաց կինը:

Օդակայանում էր Վերադարձի ու վերաինտեգրման եվրոպական ցանցի ներկայացուցիչ Անուշ Խանոյանը: Նա արտաքսված ընտանքիներին տեղեկատվական թերթիներ էր բաժանում․ - «Մարդը եկել է, ինչ-որ տեղ շոկի մեջ է: Էդ ամիսների ընթացքում կօգնենք իրենց՝ բնակարան գտնելը, մի քանի ամիսների վարձը՝ ֆինանսական աջակցությունը ստանալը»:

Վերապատրաստում, բուժզննում, փոքրիկ բիզնես հիմնելու աջակցություն․ Եվրոպական միության ֆինանսավորմամբ վերադարձողներին օգնում են վերահաստատվել Հայաստանում:

Պետությունը առայժմ որևէ ծրագիր չունի: Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանն ասում է, որ փորձելու են Կառավարության 5-ամյա ծրագրում առաջարկ ներկայացնել․ - «Որ պետությունը իր վրա վերցնի գոնե այդ հրատապ, առաջին, կարճաժամկետ օժանդակությունը»:

Իրինա Դավթյանի խոսքով, 2017 թվականից արտաքսման դեպքերը կտրուկ աճել են, քանի որ Եվրոպան ներգաղթյալների հոսքը կառավարելու այլ տարբերակ չունի․ - «Հեղափոխությունն անշուշտ նպաստել է, քանի որ հեղափոխությունից հետո Հայաստանը համարվում է ապահով պետություն: Այն առումով, որ այստեղ որևէ մեկի իրավունքները չեն ոտնահարվում, մարդիկ հետապնդման չեն ենթարկվում, և, Աստված մի արասցե, մեր երկրում պատերազմ չկա»:

2014 թվականից ուժի մեջ մտած Հայաստան - Եվրամիություն հետընդունման համաձայնագրով մեր երկիրը պարտավորվել է նույնականացնել ու հետ ընդունել իր այն քաղաքացիներին, ովքեր Եվրամիության երկրներ մուտքի կամ բնակության պայմաններն են խախտել:

Իրինա Դավթյանն ասում է, որ նույնիսկ արտաքսման համատարած դեպքերից հետո Հայաստանի քաղաքացիները չեն դադարում մեկնել և սա, ըստ նրա, խոչընդոտում է վիզաների ազատականացման բանակցություններին․ - «Էդ երկրները պիտի համոզված լինեն, որ եթե վիզաները ազատականացնեն, էստեղից մեծածավալ հոսքեր չեն լինի»:

Միգրացիոն ծառայության տվյալով, Հայաստանից մեկնողները հիմնականում տնտեսական միգրանտներ են, գնում են լավ ապրելու:

Դեպի Գերմանիա վերջին հույսի ճանապարհ են բռնում նաև ծանր հիվանդոթյուններ ունեցողները: Դավթյանը նշեց, որ առողջական վիճակը ապաստան տալու հիմք չէ․ եթե Հայաստանի քաղաքացիները Գերմիանիայում բուժսպասարկում ստանում են, դա ժամանակավոր մարդասիրական մոտեցում է և նրանք որոշ ժամանակ հետո արտաքսվելու են Հայաստան․ - «Տալիս են միայն այն դեպքերում, երբ իրենք համոզված են, որ տվյալ հիվանդությունը Հայաստանում չի բուժվում, կամ չի բուժվում պատշաճ մակարդակով»:

Եվ մարդիկ գերադասնում են հասնել Գերմանիա, վիրահատվել՝ թեկուզ դրանից հետո արտաքսվելն աչքի առաջ ունենալով:

Այսօր Եվրամիության երկրներում մնալու շանսերը շատ քիչ են․ միայն եթե ուսանելու ես մեկնել կամ բարձրակարգ մասնագետ ես: Մնացած ընտանիքների ապագան վերադարձն է՝ վաղ թե ուշ:

Արտաքսվածների օդանավում ամենաշվարածը երեխաներն էին, նրանք փնտրում էին ինտերնետային կապ, որևէ ծանոթ որևէ դեմք ու հայերեն բառեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG