ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը ներկայացրել է միգրացիոն քաղաքականության նոր նախագիծ, որով նախապատվությունը տրվում է բարձրորակ մասնագետներին՝ ազգակցական կապերի փոխարեն:
Ներկայումս օրինական միգրանտների 66 տոկոսն ընտանեկան կապերի բերումով է ԱՄՆ-ում հայտնվել, և ընդամենը 12 տոկոսը` աշխատանքի և որակավորման:
Թրամփի տեսլականի համաձայն, բարձրորակ մասնագետների միգրացիոն քվոտաները պետք է ավելացվեն մոտ հինգ անգամ:
Նոր համակարգը միգրանտների թեկնածուներին գնահատելու է ըստ բալային սանդղակի՝ հաշվի է առնվելու տարիքը, կրթությունն, անգլերենի իմացության մակարդակը:
Թրամփի պլանը ենթադրում է նաև կեցության իրավունքի՝ Green Card-ի վիճակահանության դադարեցում: Փոխարենը կարող է ստեղծվել նոր ծրագիր, որով նախապատվությունը կտրվի «տաղանդավոր թեկնածուներին»:
Որպեսզի Սպիտակ տան այս նախագիծը կյանքի կոչվի, պետք է նախ հավանության արժանանա Կոնգրեսում: Այստեղ մեծամասնություն կազմող Դեմոկրատական կուսակցության առաջնորդները, սակայն, կտրականապես դեմ են Թրամփի նոր նախաձեռնությանը: