Մատչելիության հղումներ

Քոչարյանի ազատության մեջ մնալը երկրորդ անգամ կվտանգի Մարտի 1-ի բացահայտումը. Արմեն Խաչատրյան


ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ մնալը երկրորդ անգամ կվտանգի Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտմանը, մասնավորապես, սպանությունների մասով։

«Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ թողնելով այսօր մենք ունենալու ենք իրական վտանգ Մարտի 1-ի գործի բացահայտման համար։ Ռոբերտ Քոչարյանն ունի հսկայական լծակներ և այդ լծակների միջոցով, ես վստահ եմ, որ նա կփորձի ու ապօրինի ազդեցություն կունենա գործով անցնող բազմաթիվ այլ անձանց վրա, որովհետև, տեսեք, 0038 հրամանի մասով հարուցված սահմանադրական կարգի տապալման այս դրվագը Մարտի 1-ի մայր գործից անջատված մաս է և մնացած մասերով քննությունը շարունակվում է։ Բացի դրանից նաև շատ կարևոր վկաներ կան, որոնք այս պահին քրեական վարույթ իրականացնող մարմնից թաքնված են, օրինակ, Վահագն Հարությունյանը և Միքայել Հարությունյանը», - ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչն այն PR միջոցառում որակեց։

«Տեսեք, թե՛ դատարանը, թե՛ մեղադրանքի կողմը բազմաթիվ անգամ զգուշացրեցին, պարզաբանեցին, որ այս փուլում ցուցմունքներ տալու անհրաժեշտություն չկա, սա այն փուլը չէ, որտեղ պետք է ցուցմունքներ տալ, կամ ապացույցներ հրապարակել և հետազոտել, բայց էդ համառությունը պաշտպանական կողմի և մեղադրյալի համառությունը, ես դրանից եկա մեկ համոզման, որ նրանք այսօր աշխատում էին ընդամենը կամերաների համար, սա PR միջոցառում էր պաշտպանության կողմից և փորձում էին հասարակական ընկալման վրա ազդել։ Էս մասով ես իրավաբանություն չեմ տեսել, որովհետև եթե որևէ մեկը չիմանար, որ սա խափանման միջոցի վերաբերյալ պրոցես է գնում, կմտածեր, որ ըստ էության քննություն է և ապացույցներ են հետազոտվում, ցուցմունքներ են տալիս և այլն։ Ես կարծում եմ, որ գործը քննող դատավորը հետագայում պետք է դատարանում վերահսկի իրավիճակը և նման դեպքերում միջամտի», - ասաց Խաչատրյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում մարտի 13-ինմեկնարկել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը։

Չորսօրյա դատավարությունից հետո դատավորը երեկ անցավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի շաբաթ օրը՝ մայիսի 18-ին:

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG