Մատչելիության հղումներ

Իմ խնդիրը մեկն էր՝ հանկարծ չընտրված մարդ չդառնա Հայաստանի նախագահ. Քոչարյան


Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը այսօր դատարանում հայտարարեց՝ մարտի 1-ին Ազատության հրապարակի իրադարձությունների մասին իմացել է միայն առավոտյան իննին՝ աշխատանքի գալով:

Ասաց՝ նախօրոք ծրագրեր չի ունեցել, արտակարգ դրության հրամանագիրը ստորագրել է միայն տասնյակ վիրավորների մասին լսելուց հետո: Սակայն ավելի վաղ՝ դեռ ազատության մեջ գտնվող Քոչարյանը այլ պնդում էր արել, թե «արտակարգ դրության հրամանագիրը ստորագրել է այն ժամանակ, երբ արդեն կար զոհ՝ ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյանը»:

«Ստորագրել եմ հրամանը այն ժամանակ, երբ ունեցել էինք տասնյակ վիրավորներ, նաև շատ ծանր վիրավորներ։ մեկի մասին ինձ ասում էին, որ դժվար թե ապրի, բայց ամեն ինչ լավ է», - նշեց Քոչարյանը։

Նախկին նախագահը այսօր ծավալուն ելույթ ունեցավ, հայտարարեց, որ նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել, այդ պատճառով մանրամասն անդրադարձավ մարտի 1-ին նախորդած շաբաթվա որոշ դրվագների, օրինակ, հույժ գաղտնի 0038 հրամանին, որով, ըստ մեղադրանքի, բանակը ներգրավվել է ներքաղաքական գործընթացներին, ծանոթացել է այս գործի շրջանակներում: Այսօր էլ կարծում է, որ այն անօրինական չէր:

Քոչարյանը նաև պնդեց, Արցախի զինված ուժերից մեկ մարդ անգամ չի բերվել Հայաստան: Ավելի վաղ մամուլում տեղ էին գտել հրապարակումներ, որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղի ՊԲ շտաբի նախկին պետ Կամո Վարդանյանը, Մարտի 1-ի գործով տված իր ցուցմունքի մեջ հայտարարել էր, թե 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հրամանի հիման վրա ԼՂ պաշտպանության բանակի այդ ժամանակվա հրամանատար Մովսես Հակոբյանը հրամայել է և ստորաբաժանումները տեղափոխվել են Երևան:

«Մեկ մարդ չի բերվել, հետո կբացատրեմ՝ ինչի մասին է խոսքը։ Ապօրինի ներգրավումը իրականությանը, մեղմ ասած, չի համապատասխանում», - ընդգծեց Հայաստանի երկրորդ նախագահը։

Քոչարյանն այսօր անգամ կասկած հայտնեց՝ 2008-ի սահմանադրությամբ այդ օրերին նախագահի, թե վարչապետի լիազորություններն էին ավելի շատ: Վարչապետը, հիշեցնենք, նախագահի պաշտոնը ստանձնող Սերժ Սարգսյանն էր:

«Իսկապես այն ժամանակ դեռ մեծ հարց է ում լիազորություններն են ավելի շատ՝ վարչապետի, թե՞ նախագահի։ Կիասնախագահական համակարգում վարչապետը, ով ունի խորհրդարանի մեծամասնության ավելի մեծ լիազորություններ, քան նախագահը, որը անկուսակցական է և չունի այդ ազդեցությունը խորհրդարանում, սա ակնհայտ է։ Այդ կոնտեքստում ասել, որ այս ամենը արված է իշխանությունը հանձնելու համար, դա աբսուրդ է, որպիսին գոյություն չունի։ Իմ խնդիրը մեկն էր՝ հանկարծ չընտրված մարդ չդառնա Հայաստանի Հանրապետության նախագահ, միակ անձը, որը իրավունք ուներ արտակարգ դրություն հայտարարելու ես եմ՝ այն ժամանակվա գործող նախագահը։ Եթե վիճակը այնպիսին է, որ վտանգ է սպառնում սահմանադրական կարգին, վտանգ է, որ կարող է չընտրված նախագահը զոռբայությամբ, կռիվներով, փողոցային ինչ-որ պայքարներով, նռնակներով դառնա հանրապետության նախագահ, ես պետք է թույլ չտամ», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանը և նրա պաշտպանները այսօր դատարանում պնդեցին, որ կան 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություներին վերաբերող տեսանյութեր, որոնք քննչական մարմինը չի ընդգրկել իր գործում: Ուզում էին ցուցադրել դրանք, սակայն դատարանն առարկեց, Քոչարյանն էլ որոշեց որոշ մանրամասներ ներկայացնել: Քոչարյանն ասաց՝ իր հայտնի հայտարարությունը, թե ցուցարարները մեքենայի հետևից կրակում էին, արել է հանգուցյալ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի տված տեղեկատվության հիման վրա:

«Տեսանյութերի զգալի մասը ես առաջին անգամ տեսել եմ մարտի 7-8-ի կողմերը՝ Գորիկ Հակոբյանի կողմից․ ինձ մոտ էր բերել և ցույց էր տվել այդ տեսանյութը: Իսկ ինչի՞ համար էր իմ մոտ նայել, որովհետև մինչև մամուլի ասուլիսը՝ հայտնի ասուլիսը մարտի 1-ին, ես կապվել եմ Գորիկ Հակոբյանի հետ և հարցրել եմ՝ ի՞նչ է այս վիճակը, ես հիմա լրագրողների հետ հանդիպելու եմ, ճշտեք փաստերը: Եվ ինքը ասաց, որ այո՛, զենք են կիրառում, նռնակներ կան մարտական և այդ դրվագը ինքը ինձ պատմեց, ասաց՝ մեքենայից դուրս են գալիս, կրակում զինվորների ուղղությամբ, հետ են մտնում:», - դատարանի դահլիճում պատմեց նախկին նախագահը: - «Հետո ես արդեն պահանջեցի դեպքերից հետո, երբ սկսեցին մամուլով քննադատել, թե այդպիսի բան չկա: Նա անձամբ բերեց և իմ գրասենյակում ցույց տվեց: Դրա հետ միասին մի շարք այլ դրվագներ, որոնք այսօր ոչ մի տեղ չկան: Ես չգիտեմ որտեղ են: Բավական հետաքրքիր նյութեր էին՝ ոնցա նռնակը պայթում, ոնցա նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում։ Այս ամբողջը նյութերում կար, այսօր դրանք չկան: Երբ որ դուք ասում եք, որ մի ամբողջ քրեական գործ՝ երեք հատոր, անվտանգության կողմից հարուցված, մարտի 2-ին հանձնված Հատուկ քննչական ծառայությանը, այստեղ չկա: Այդ գործը ուղղակի չի կցվել և համոզված եմ՝ բազմաթիվ նյութեր չեն կցվել: Եվ երբ ասում եք, որ ընդամենը մեկ մարդ է հարցաքննվել Ազգային անվտանգության ծառայությունից, սա ուղղակի հարցեր է առաջացնում», - հավելեց Ռոբերտ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG