Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ուժերը անիմաստ են համարում խոսել փոխզիջումների մասին


ԼՂ խորհրդարանի շենքը Ստեփանակերտում, արխիվ
ԼՂ խորհրդարանի շենքը Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը անիմաստ են համարում խոսել փոխզիջումներից, քանի դեռ պաշտոնական Բաքուն հրաժարվում է ուղղակի բանակցել Ստեփանակերտի հետ:

«Ազատության» հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը ընդգծեց, որ Արցախի Սահմանադրությամբ են ամրագրված երկրի տարածքները:

«Չկա մի փաստաթուղթ սեղանին դրված, որը արտահայտել է համայն հայության շահերը: Չկա՛ այդպիսի փաստաթուղթ։ Մենք չենք հասկանում, մենք ասելով ես հասկանում եմ ժողովուրդը, ինչ է ցանկանում Ադրբեջանի ժողովուրդը։ Ադրբեջանի ժողովուրդը չի հասկանում, թե ինչ է ցանկանում հայ ժողովուրդը ընդհանրապես, մասնավորապես, Արցախի ժողովուրդը։ Իմ խորին համոզմամբ, արցախյան հիմնախնդիրը հնարավոր է լուծել միայն ու միայն փոխվստահության մթնոլորտում, բայց 2016 թվականի ապրիլյան պատերազմն է՛լ ավելի խորացրեց անվստահության մթնոլորտը», - նշեց Արթուր Թովմասյանը։

Մայիսի 14-ին Բրյուսելում պատասխանելով «Ազատության» հարցին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ իր երկիրը սկզբունքորեն դեմ է, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, ինչին ի պատասխան Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նույն օրը «Ազատությանը» փոխանցեց․ - «Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին»:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը ասաց. - «Ես գտնում եմ, որ ընդհանրապես անտեղի է խոսել ինչ-որ փոխզիջումների մասին այն ժամանակ, երբ Ադրբեջանը լսել անգամ այդ մասին չի ուզում։ Ադրբեջանը ուզում է ամեն ինչ և որքան հնարավոր է շուտ: Ադրբեջանը նույնիսկ Երևանն է ուզում։ Այսինքն ի՞նչ փոխզիջումների կամ առավել ևս զիջումների մասին կարող է խոսք լինել։ Որևէ մեկը երբևէ հարցրե՞լ է՝ Ադրբեջա՛ն, դու ի՞նչ ես պատրաստ փոխզիջել կամ զիջել»։

Ընդդիմադիր «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակաբար, հրապարակավ ու նախագահի մակարդակով հայտարարում է, որ պատրաստվում է պատերազմի․ - «Ես փոխզիջումներ ընդհանրապես չեմ տեսնում Ղարաբաղի հարցերի։ Ադրբեջանը, որպես արհեստական ռեգիոն 100 տարի առաջ ներդրված աշխարհաքաղաքական խաղի արհեստական մի միավոր, էդ միավորի պատճառով էլ էսօր գործընթացները էս ընթացքում են»:

Ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի կարծիքով, այսօր Լեռնային Ղարաբաղում նախևառաջ պետք է մտածեն տնտեսության զարգացման և ենթակառուցվածքների ընդլայնման մասին:

«Ճիշտն ասած ես բավականին դժվար եմ պատկերացնում փախզիջումների ճանապարհով հարցի լուծումը և ես երբեք կողմ չեմ եղել կամ չեմ համարել, որ էդ տարբերակով լուծում կա։ Այսօր, բարեբախտաբար, Հայաստանում ունենք մի իշխանություն և առաջին իշխանությունն է, որ չի խոսում զիջումների մասին: Առաջին անգամ ունենք իշխանություն Հայաստանում, որը չի խոսում տարածքային զիջումների մասին», - ասաց Խանումյանը։

«Ազատության» հարցին՝ նախորդ բոլորը խոսո՞ւմ էին, Խանումյանը պատասխանեց. - «Նախորդ բոլորը խոսում էին տարածքային զիջումների մասին: Պարոն Թովմասյանն էլ կհիշի, որ երեք տարի առաջ՝ ապրիլից անմիջապես հետո, մենք մեր գործընկերներին հայաստանյան թե՛ հրապարակային կոչերով, թե՛ անձնական հանդիպումներում խնդրում էինք՝ գոնե տարածքային զիջումներից չխոսեն, բայց էլի համառորեն խոսում էին՝ չհասկանալով, թե թիկունքից հարված էր անվտանգային առումով, որովհետև պատկերացրեք, ենթադրենք, Միջնավանում ապրող քաղաքացու վիճակը, երբ ամեն օր, ենթադրենք, հայաստանյան իշխանության ներկայացուցիչները ասում են, որ այդ տարածքը պետք է հանձնենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG