«Ընդհանուր պատկերը քարտեզագրված է: Հիմա խումբը աշխատում է արդեն ոստիկանության անձնագրային բաժնից և կադաստրից ստանալու բոլորի հետ կապված տվյալները: Ունենք հետևյալ իրավիճակը․ մարզի 19 համայնքներում ունենք 3517 ժամանակավոր կացարաններ, որոնցից 2858-ը միայն Գյումրիում են», - նշեց մարզպետը:
Հունիսի 30-ին ավարտվելու է տնակների հաշվառման, տնակներում ապրող ընտանիքների կարգավիճակի հստակեցման գործընթացը և տրվելու է գլխավոր հարցի պատասխանը․ որքա՞ն գումար է անհրաժեշտ երկրաշարժից հետո Շիրակի, Լոռու ու Արագածոտնի մարզերում տնակները վերացնելու, դրանցում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար:
Տարբեր հաշվարկներով, միայն Շիրակի մարզում անօթևանության խնդիրը լուծելու համար կապահանջվի 30-40 մլն դոլար:
Այս տարի «Հայաստան» Համահայկական հիմնադրամը որոշել է շենք կառուցել ու անօթևան ընտանիքների տրամադրել:
«Մենք հիմա քննարկում ենք Անշարժ գույքի պետական կոմիտեի հետ Գյումրի քաղաքի հանրակացարաններից մեկը հիմնադրամին տրամադրելու խնդիրը, որտեղ մոտավորապես 50 ընտանիքի բնակարանաշինության խնդիր կլուծվի», - փոխանցեց Տիգրան Պետրոսյանը:
Մարզում ճանապարհաշինության, իսկ Գյումրիում փողոցաշինության թեման օրակարգից դուրս չի գալիս: Գյումրի կատարած այցի ժամանակ նույնիսկ վարչապետ Փաշինյանը անդրադարձավ հարցին, տեղում հանձնարարություններ տրվեցին, սակայն փողոցներից շատերում հատուկենտ աշխատողներ կարելի է տեսնել:
Հունիսի 30-ը Գյումրիում անցած տարվանից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ փողոցաշինության առաջին փուլի վերջնաժամկետն է: Մարզպետի խոսքով, որակի հաշվին պետք չէ ժամկետի խնդիր ապահովել:
Իսկ աշխատանքները, ըստ նրա, ձգձգվում են և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով․ - «Սկսած ստանդարտներից, որոնք ուղղակիորեն փոխվել էին ԵԱՏՄ մտնելու մեր պարտավորությունների հետ համատեղ, վերջացրած կոմունալ հին խնդիրներով, որոնք քաղաքը ժառանգել է, կան մեծ թվով թնջուկներ խնդիրների, որոնք հետևողական, հատ առ հատ լուծման կարիք ունեն և որոնք օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն ազդել են շինարարության ընթացքի և որակի վրա»:
Վերջերս հայտնի դարձավ, որ «Հյուսիս - հարավ» ավտոմայրուղու Թալին - Գյումրի հատվածը կառուցող չինական «Սինոհիդրո քորփորեյշն» ընկերությունը ցանկանում է բետոնե շերտի փոխարեն ասֆալտ անել: Մարզպետն ասաց, թե այս հարցում դեռ վերջնական որոշում չի կայացվել․ - «Շինարարական կազմակերպության հետ քննարկումների արդյունքում մեր կողմից ներկայացվել է հետևյալ տեղեկատվությունը․ Գյումրիից Թալին հատվածը, մեկ ուղղությունը հողային աշխատանքներով ամբողջապես կավարտվի մինչև օգոստոս, որից հետո արդեն ուղղակիորեն կգա վրայի շերտի հատ կապվածը իրականացնելու: Եթե բետոն է, կունենա իր ժամկետները, եթե ասֆալտ է՝ իր ժամկետները: Ասֆալտի պարագայում պարզ է, որ խոսքը երկու-երեք ամսվա մասին է լինելու առավելագույնը»:
Հիմա մարզի մի քանի համայնքներ իրար կապող ճանապարներ են ցանկանում հիմանորոգել: Ծրագիրն ուղարկել են կառավարության հաստատմանը: Ծրագիր կա, որ Գյումրիի մուտքը բեռնաթափելու համար երկրորդ մուտք կառուցվի՝ շրջանցող ճանապարհով:
Տնտեսական հարցերի անդրադառնալով՝ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ մի քանի ներդրումային ծրագրեր կան շվեյցարահայերի, Ռուսաստանում ապրող շիրակցիների կողմից, սակայն չմանրամասնեց, քանի դեռ գորածանական փուլի չեն հասել:
Առաջիկայում նախատեսվող կրճատումներին էլ անդրադարձավ: Կառավարության կառուցվածքային փոփոխությունը ենթադրում է նաև մարզպետարաններում հաստիքների կրճատում: Խոսքը 30 տոկսո կրճատումների մասին է:
Հարցին, թե 100 օրվա ընթացքում արդյո՞ք կարողացավ կադրերի հարցում կողմնորոշվել, ո՞վ չի համապատասխանում նոր Հայաստանի կառավարման համակարգին, մարզպետը պատասխանեց․ - «100 օրը շատ բաների համար բավարար չէ: Էնտեղ կան սպեցիֆիկ երևույթներ, որոնք բացվում են, երբ որ դու աշխատում ես շարունակաբար իրենց հետ»:
Մարզպետարանում վարչության պետերի պաշտոններում աշխատում են թե՛ հանրապետականներ, թե՛ դաշակցականներ: Հարցին, թե արդյոք կուսականան լինելը չի խանգարի պաշտոնավարումը շարունակելուն, Պետրոսյանը պատասխանեց․ - «Քաղաքական կարգավիճակը չի եղել վճռորոշ մարզպետարանում կադրային հարցերով որոշում կայացնելու»: