Մատչելիության հղումներ

Քոչարյանի պնդմամբ՝ կաշառքի մեղադրանքի նպատակն է իր գույքի և հաշիվների վրա կալանքը երկար պահելը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, 15-ը մայիսի, 2019թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, 15-ը մայիսի, 2019թ․

«Հասկանալի չէ՝ որտեղից պիտի նախագահն իմանար, թե Սիլվա Համբարձումյանը ինչ-որ ընկերություն է ծախում», - այսօր դատարանում առանձնապես խոշոր կաշառք ստանալու մեղադրանքի վերաբերյալ հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Իմիջիայլոց, ցուցմունքների մեջ հիմնականում ասում է՝ «ես կաշառք չեմ տվել՝ նվիրատվություն է», մի անգամ ասում է՝ նախագահական աշխատակազմին, մի անգամ ասում է՝ նախագահին։ Կաշառքը տալիս են ինչ-որ մի բանի համար, ինչ-որ ծառայության։ Այդ ժամանակ, առաջինը՝ ես նախագահ էի, պետության գլուխն էի, և այդ ժամանակ Սահմանադրությամբ նախագահը որևէ գործառույթ գործադիր իշխանության հետ կապված չուներ։ Հիմա ինքը չի ասում, որ իրեն ինչ-որ մեկը պիտի լավություն անի, ինքը ասում է՝ «ես տվել եմ, որ ինձ չխանգարեն», թե ինչից է եզրակացության եկել, որ պիտի իրեն չխանգարեն, որևէ փաստ չկա, որ իրեն մինչև էդ խանգարել են», - ասաց Քոչարյանը՝ շարունակելով․ - «Ինքը ունի մի ընկերություն, վաճառում է այդ ընկերությունը՝ ինչ-որ լիցենզիա ունեցող։ Օրենսդրությամբ չի ենթադրվում, որ այդ ընկերության վաճառքը պետք է որևէ մի պետական մարմնում համաձայնեցվի, այդպիսի բան չկա։ Հասկանալի չէ՝ որտեղից պիտի նախագահն իմանար, թե Սիլվա Համբարձումյանը ինչ-որ ընկերություն է ծախում»։

Նախկին նախագահը պնդեց, թե այս ամենի նպատակն այն է, որ իր գույքի և հաշիվների վրա կալանքը երկար պահեն, նշելով. «Իրոք, ապօրինի ձևով հունիս ամսից գույքի և հաշիվների վրա կալանք են դրել, այդ հոդվածով իրավունք չունեին դնելու, և այդ կալանքը հնարավորինս երկար պահելու համար հորինել են այս քրեական գործը։ Ուրիշ բացատրություն չկա։ Մինչև հիմա իմ ամբողջ հաշիվները և գույքը կալանքի տակ են»։

Պաշտոնաթող նախագահը բացի Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալումից մեղադրվում է նաև 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG