Մատչելիության հղումներ

Թրամփ. «Ես վստահ եմ, որ Իրանը շուտով կսկսի բանակցել»


«Ես վստահ եմ, Իրանը շուտով կսկսի բանակցել»․ անցած գիշեր Twitter-ում նման գրառում է կատարել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` պնդելով նաև, որ ամերիկյան առաջատար լրատվամիջոցները` նախևառաջ «Վաշինգտոն Փոսթը» և «Նյու Յորք Թայմզը» Իրանի հանդեպ Սպիտակ տան որդեգրած քաղաքականության վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում:

Այս անգամ լրագրողների նկատմամբ Թրամփի զարյույթի հիմնական պատճառը «Նյու Յորք Թայզմում» լույս տեսած հոդվածներն են, որոնցում պարբերականը, հիմնվելով սեփական անանուն աղբյուրների վրա, տեղեկացնում էր, որ Սպիտակ տունը լրջորեն քննարկում է Մերձավոր Արևելք ևս 120 հազար զինվորական ուղարկելու հնարավորությունը:

«Նյու Յորք Թայմզը», ի դեպ, նոր տեղեկություններ է հաղորդել Թրամփի շրջապատում Իրանի վերաբերյալ ծավալված քննարկումների մասին: Թերթի տեղեկություններով, ամերիկացի պաշտոնյաներին լրջորեն մտահոգել են Պարսից ծոցի ավազանում արված լուսանկարները, որոնցում պատկերված են հրթիռներով զինված իրանական ռազմական մոտորանավակները: Դա, ըստ «Նյու Յորք Թայմզի», ոչ միայն լուրջ մտահոգությունների այլև բուռն բանավեճի տեղիք է տվել:

«Սպիտակ տանը կարծիքներ են հնչում, որ իրանցիները պատրաստվում են հարձակվել տարածաշրջանում ամերիկյան թիրախների` մասնավորաբար ռազմանավերի վրա: Եվրոպացիները, իրաքցիները, ամերիկյան Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ անդամները և անգամ Թրամփի վարչակազմի մի շարք ազդեցիկ ներկայացուցիչներ, սակայն, վստահ են, որ Իրանի գործողությունները զուտ պաշտպանական բնույթ ունեն», - գրում է «Նյու Յորք Թայմզը»:

Իրանի իշխանություններն իրենց հերթին շարունակում են պնդել, որ ռազմական գործողություններ սկսելու որևէ մտադրություն չունեն: Տոկիո կատարած այցի շրջանակներում այս մասին մեկ անգամ ևս հայտարարեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը․ - «Մենք համոզված ենք, որ Միացյալ Նահանգների կողմից իրադրության սրմանն ուղղված գործողությունները անընդունելի են և լուրջ անհարմարություններ են պատճառում: Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները լքեց միջուկային համաձայնագիրը, մենք առավելագույն զսպվածություն ենք ցուցաբերում»:

2015-ին միջուկային համաձայնագիրը կնքած պետություններից մեկի` Ռուսաստանի նախագահը, Իրանի խնդրին անդրադարձավ չորեքշաբթի երեկոյան Ավստրիա կատարած այցի ընթացքում: Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը խոստովանեց, որ Մոսկվան Իրանի շուրջ ծագած ճգնաժամը հաղթահարելու շատ սահմանափակ լծակներ ունի:

«Ռուսաստանը հրշեջ ջոկատ չէ: Մենք չենք կարող փրկել այն ամենը, ինչն ամբողջությամբ մեզանից չէ, որ կախված է», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը` ընդունելով, որ միջուկային համաձայնագիրը տապալման փուլում է: - «Ամերիկացիները լքեցին [համաձայնագիրը], պայմանագիրը քայքայվում է, եվրոպացիները ոչինչ չեն կարողանում անել դրա փրկության համար, չեն կարողանում աշխատել Իրանի հետ, որպեսզի փոխհատուցեն տնտեսական կորուստները: Բայց այն պահին, երբ Իրանը առաջին պատասխան քայլերն իրականացնի, հաջորդ օրը բոլորը կմոռանան, որ պայմանագրի ոչնչացման նախաձեռնողն ամերիկացիներն էին, և ողջ մեղքը կբարդվի Իրանի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG