Մատչելիության հղումներ

Փաստաբանը դատարանին առաջարկեց Քոչարյանին անմիջապես ազատել կալանքից


Փաստաբան Արամ Օրբելյանը ելույթ է ունենում դատարանում, Երևան, 16-ը մայիսի, 2019թ․

Փաստաբան Արամ Օրբելյանը դատարանին այսօր առաջարկեց սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին անմիջապես ազատել կալանքից:

Հենց դատարանում սկսվեց խափանման միջոցի հարցի քննությունը, մեղադրող դատախազները պնդեցին՝ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ։ Դատախազներից Պետրոս Պետրոսյանը երկու օր առաջ ասել էր՝ թեև Քոչարյանը չի խոչընդոտել գործի քննությանը, սակայն երբ նա անցած տարի գտնվում էր ազատության մեջ, ցանկություն էր հայտնել բացակայել երկրից, ինչը մեղադրողը կողմը դիտարկել էր որպես փախուստի ռիսկ։

Ըստ Օրբելյանի՝ Քոչարյանի ռազմավարությունն է՝ չխոչընդոտել գործին: «Ցանկացած փուլում պարոն Քոչարյանը, եթե ոչ պատշաճ դրսևորի վարքագիծ, այսինքն՝ փորձի խոչընդոտելու, միանշանակ կարելի է կալանքի հարցը նորից բարձրացնել, որևէ մեկը չի արգելում դատաքննության որևէ փուլում կալանքի հարց քննարկել, եթե տեղի կունենա, օրինակ, խուսափելու կամ խոչընդոտելու դեպքեր», - նշեց փաստաբանը։

Արդեն չորրորդ օրը շարունակվող՝ ձայնի խնդիրը լուծելու համար դատավորը թույլատրեց լրագրողներին նիստին հետևել ոչ թե ապակիներից այն կողմ, այլ հենց նիստերի դահլիճում:

Նիստի սկզբում Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին՝ այդպես էլ չպատճառաբանելով, թե ինչու։

Չորս օր մեկնարկած դատավարության միայն երեք օրերին քննվում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Մոտ մեկուկես ժամ պաշտպան Արամ Օրբելյանը նաև մի շարք այլ փաստարկներ բերեց՝ ինչու Քոչարյանը չպետք է մնա կալանքի տակ։ Դրանցից մեկն էլ անձեռնմխելիության հարցն էր։

«Դատարանը պետք է անդրադառնա անձեռնմխելիության ինստիտուտին, պետք է դուք պարզեք՝ արդյո՞ք պարոն Քոչարյանը դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից, թե՞ չէ, բայց մնալով այս փուլի գործողությունների շրջանակներում։ Եթե չեք կարողանում դա պարզել, որովհետև այս փուլի գործողության շրջանակներում դրան չեք կարող անդրադառնալ, ապա պետք է անձեռնմխելիության ինստիտուտը կիրառվի», - պնդեց Օրբելյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG