Մատչելիության հղումներ

Ծնողները բողոքում են երեխաներին դպրոցներում առցանց գրանցելու համակարգից


Կարինե Մանուկյանի թոռներից մեկը սովորում է Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցում, իսկ մյուսն այս սեպտեմբերից է աշակերտ դառնալու: Տատիկը ցանկացել երկրորդ թոռնիկին էլ նույն դպրոցը տանել, սակայն այսօր գործարկված առաջին դասարանցիների օնլայն գրացնման համակարգում առաջացած խնդիրների պատճառով դա նրան չի հաջողվում:

«Աղջիկս մահացել է, երկու փոքր երեխաներին ես եմ խնամում: Ասում են, որ երեխայի տարիքը չի համապատասխանում, ասում ա՝ վեց տարեկանը չի լրացել: Բայց վեց տարեկանն ապրիլին ա լրացել՚ Հետո կոմպյուտերը ցույց ա տալիս, որ արդեն նորմալ ա, տարիքը համապատասխանում ա, բայց արդեն Չեխովի դպրոցում տեղ չկա», - պատմեց Մանուկյանը:

Նրան խոստացել են, որ կփորձեն լուծել խնդիրը․ - «Բոլորին ասում են՝ տեսնենք: Տեսնելով ո՞նց կլինի»:

Առաջին անգամ գործարկված օնլայն համակարգով իրենց երեխաներին գրանցելու խնդրին այսօր բազմաթիվ ծնողներ են բախվել, նրանցից շատերն անձամբ եկել էին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն, որտեղ մշակվել է համակարգը:

«Մենք Խաչատուր Աբովյանի անվան 2-րդ դպրոց դիմել ենք առավոտյան ժամը 9-ից, բայց ծրագիրը շատ դանդաղ էր աշխատում՝ error մեսսիջներ էր բերում», - բողոքեց Մանե Գրիգորյանը:

Համակարգն առաջարկում է ընտրել համայնքն ու դպրոցը, խնդիրները հաջորդիվ են ի հայտ եկել։ Գրիգորյանի խոսքով, առավոտյան 9-ին, երբ համակարգը պաշտոնապես գործարկվել է, իրենց ուզած դպրոցում 27 տեղ է եղել, սակայն անվերջ error-ների պատճառով երեխային այդպես էլ չի հաջողվել գրանցել․ - «Ես հիմա ստիպված եմ երեխային տալ պատահականության սկզբունքով ինչ-որ դպրոց, որ դա բացարձակ իմ մեղավորությունը չի»:

Ծնողի գնահատմամբ, խնդիրը նախարարության անփութությունն է․ - «Նախարարը կարող ա ուզեցել ա մի լավ բան անի, բայց մինչև վերջ չի մտածել, թե ոնց անի, որ իսկապես լավ լինի: Դարձել ա, որ էդ լավ բանը շատ վատ բան ստացվեց»:

Բողոքող ծնողների և խնամակալների հոսքը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն չէր պակասում, ողջ օրվա ընթացքում էլ չէր լռում կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի գրասենյակի հեռախոսը:

«Ազատության» հետ զրույցում Պողոսյանը խնդիրները պատճառաբանեց համակարգի գերծանրաբեռնվածությամբ․ - «Մոտավորապես 10 րոպե համակարգն աշխատել է ծանրաբեռ՝ բնակչության պետական ռեգիստրի հետ տվյալները ստուգելու գործընթացի հետ կապված»:

Պողոսյանը վստահեցրեց, թե խնդիրն իրենց սերվերներից չէ՝ պնդելով, որ դրանք միաժամանակ կարող են մինչև 200 հազար այցելուի սպասարկել:

Իսկ երեխաների տարիքային անհամապատասխանության մասին համակարգից եկած պատասխանները, նրա խոսքով, ծրագրային սխալի հետևանք են․ - «Շատ արագ հասկացանք, որ էդ խնդիրը գոյություն ունի և լուծեցինք էդ խնդիրը: Ուղղակի մինչև լուծումը սկսում ա աշխատել, մոտավորապես 10 րոպե տևեց: Իսկ էդ ընթացքում բնակիչներն անընդհատ քլիք էին արել, և առաջացել էր այդ կախված վիճակը»:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակիցները իրենց դիմած քաղաքացիներից տվյալներ են վերցրել, ինչպես նաև այն սքրինշոթերը, որոնցում երևում է տեխնիկական խնդիրը: Պողոսյանի խոսքով, ուշ երեկոյան նախարարությունում խորհրդակցություն են անցկացնելու և փորձելու են լուծումներ գտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG