Մատչելիության հղումներ

Բաշար Ասադն ու Արամ առաջինը Դամասկոսում քննարկել են Սիրիայի իրավիճակը, հայ համայնքին առնչվող հարցեր


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ, Դամասկոս, 14-ը մայիսի, 2019թ.
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ, Դամասկոս, 14-ը մայիսի, 2019թ.

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեկ Դամասկոսում ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինին։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպմանը քննարկվել են Սիրիայի ներկայիս իրավիճակը և հայ համայնքին առնչվող հարցեր։

Բաշար ալ-Ասադը բարձր գնահատելով Սիրիայի հայությանն՝ ասել է, որ հայերը երկրի համահավասար քաղաքացիներն են՝ նույն պարտավորություններով և իրավունքներով։

«Հայերը մեզ համար միշտ եղել են վստահելի, սիրելի և աշխատասեր քաղաքացիներ։ Նրանք դրական մասնակցություն են ունեցել Սիրիայի զարգացմանը», - ասել է Ասադը։

Երկրից հեռացած սիրիահայերին նա կոչ է արել շուտ վերադառնալ, վերականգնել իրենց տները և աշխատատեղերը։

Սիրիայի նախագահը վստահեցրել է, որ Սիրիայի հայ համայնքը շարունակելու է վայելել պետության զորակցությունը։

Արամ առաջին կաթողիկոսը հիշեցրել է Ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի նկատմամբ Սիրիայի ժողովրդի ցուցաբերած ջերմ վերաբերմունքը և հաստատել, որ Սիրիայի համայնքն ամուր կառչած է մնում Սիրիայում և սկսել է վերականգնման աշխատանքները։

Նա նշել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի համար Սիրիայի հայ համայնքը կարևոր է՝ քաղաքական, մշակութային և պահանջատիրական առումներով։

Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Սիրիայի նախագահին՝ Հալեպի հայկական եկեղեցու վերանորոգմանն օժանդակելու համար։

Անթիլիասի կաթողիկոսարանի կայքում տեղադրված հաղորդագրությունում նաև նշված է, որ Դամասկոսում Սիրիայի նախագահական նստավայրում կայացած հանդիպմանը Արամ առաջինի գլխավորած պատվիրակության կազմում էին Բերիո թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանը և ժիրայր Ռաիսյանը։

Մինչև Սիրիայում ծավալված ռազմական գործողությունները և քաղաքացիական պատերազմը Սիրիայի հայ համայնքը 250 հազար էր, պատերազմի հետևանքով այն նվազել է. մի մասը հեռացել են հարևան Լիբանան, այլ երկրներ, հազարավոր սիրիահայեր տեղափոխվել են Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG