Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց ՍԴ նախկին նախագահին և անդամներին հարցաքննելու միջնորդությունը


Դատարանը մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությունը` հարցաքննել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին և նախկին անդամներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին։

Նախկին նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը պնդեց` մեղադրական եզրակացությունում նշվում է, որ Քոչարյանը ճնշում է գործադրել ՍԴ նախկին անդամների վրա։ Պաշտպանները խնդրեցին նրանց որպես վկա հարցաքննել։

Ալումյանն ասաց` կա ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի ցուցմունքը, իսկ մեղադրանքում խոսք չկա նրա նկատմամբ ճնշման մասին, և իրենք այդ պատճառով են առաջարկում հարցաքննել ՍԴ նախկին անդամներին։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը, մինչդեռ, հակադարձեց` այս փուլում չի քննարկվում՝ ճնշումներ եղե՞լ են, թե՞՝ ոչ։

Ըստ Քոչարյանի, կային մարդիկ, որոնք պետք է հարցաքննվեին դեռ նախաքննության ժամանակ, մինչդեռ, ըստ նրա, ուղղորդված քննություն է իրականացվել, և կան մարդիկ, որոնց դիտմամբ ժամանակին չեն հարցաքննել։

Երբ դատավորը մերժեց այս միջնորդությունը, Ալումյանը հայտարարեց, որ դատավորը կաշկանդված է՝ նշելով՝ դատավորը երեկ նախազգուշացում է ստացել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՍԴ նախկին անդամ Գագիկ Հարությունյանից՝ տարեսկզբին Քոչարյանի խափանման միջոցի հարցը չքննելու համար։

«Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում, և քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են, որ իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջորդ հարցերը չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պետք է գան և այստեղ հարցաքննվեն», - ասաց նա:

Այսօր շարունակվում է երեկվանից մեկնարկած Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը: Դատարանը քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Պաշտոնաթող նախագահը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։

Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG