Մատչելիության հղումներ

«Արտաշատ» ԲԿ-ի տնօրենի մրցույթում պարտված թեկնածուն մտադիր է դատի տալ մարզպետին


Տարոն Գասպարյան
Տարոն Գասպարյան

«Արտաշատ» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի մրցույթում չհաղթած թեկնածու Տարոն Գասպարյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ:

Պաշտոնական արդյունքերով, մրցույթի 2-րդ փուլը չհաղթահարած Գասպարյանը մարզպետարանից պահանջել և այդպես էլ չի ստացել մրցույթի տեսագրությունը:

«Ազատության» հետ զրույցում թեկնածուն պնդեց, որ բանավոր փուլի հինգ հարցերից առնվազն չորսին ճիշտ է պատասխանել, սակայն արձանագրված արդյունքները այլ են:

Տարոն Գասպարյանը կարծում է, որ հանձնաժողովը կանխակալ վերաբերմունք է ունեցել․ - «Ավելի շուտ ինձ թվում է, որ մարզպետը մրցույթը չեղյալ կհամարի, քան այդ արձանագրությունը կտրամադրի: Եթե հավասար պայմաններով է եղել, եթե ոչ մի օրենք չի խախտվել, ինձ թվում է, մարզպետի շահերից էր բխում կոնկրետ էդ փաստերը տրամադրելը: Եթե չի տրամադրում, կարծում եմ արդեն թաքցնելու բան կա»:

Մարզպետարանի փոխանցմամբ, մրցույթի տեսագրության տրամադրումը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից: Մինչդեռ Գասպարյանը կարծում է, որ մրցույթը պարզապես ձևական բնույթ է կրել, և ի սկբանե որոշված է եղել, որ հաղթելու է մարզպետի նախընտրած թեկնածու, ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Համբարձումյանը, ում մարզպետը այդ պաշտոնում նշանակել է նախկին տնօրենին ազատելուց հետո:

Իսկ մարզպետարանի կանխակալ վերաբերմունքը Գասպարյանը նկատել է նաև մրցույթից առաջ, երբ մարզպետարանը ձգձգել է այն տեղեկությունների տրամադրումը, որոնց հիման վրա պետք է կազմեր զարգացման ծրագիրը:

8 տարի զինվորական բժիշկ աշխատած Գասպարյանն ասում է, թե որոշել էր մասնակցել մրցույթին, քանի որ վստահ էր, որ հեղափոխոթւոյւնից հետո երկրում իրավիճակ է փոխվել․ - «Նախորդից եկած արատավոր պրակտիկան թե իներցիայի ուժով, թե չգիտեմ ինչ պայմաններում շարունակվում է: Առաջնահերթ հարցը հենց ապացուցելն է մարզպետարանի աշխատակազմին կամ [նրանց], ովքեր որ չեն հասկացել, որ էդ տիպի պրոցեսներ էլ չպիտի լինեն»:

Տարոն Գասպարյանի մարզպետին հանդիպելու փորձերը անպատասխան են մնացել: Դիմել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ խնդրելով պարտավորեցնել մարզապետարանին տրամադրել մրցույթի տեսագրությունը: Մինչև մրցույթը դիմել էր Առողջապահության նախարարություն՝ խնդրելով ներկայացուցիչ ուղարկել մրցույթին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասում է, որ հարցը մարզպետի լիազորությունների տիրույթում է․ - «Ես ես ուզում եմ, որ որևէ հիմնարկ աշխատի լավ, զարգանա, որի մասին ես վաղը կամ գովեստի խոսքեր եմ լսելու, կամ թուքումուր եմ ուտելու, ես պետք է հասկանամ, թե էդ կենտրոնը ոնց եմ ղեկավարելու: Մրցույթը մինիմալ չափանիշները ապահովելու համար ա: Երբ որ ես կունենամ մրցույթում հինգ հոգի, որոնք բոլորը մինիմալ չափանիշները կանցնեն, օրենսդրական գիտելիքների առումով, բժշկական հիմնարկի զարգացման առումով, բանավոր ու գրավոր փուլերի առումով, ու կունենամ հինգ հաղթած թեկնածու, ոչ մեկ բացի ինձնից չպետք ա որոշի, թե ով է լինելու էդ հինգից որևէ մեկը»:

Տարոն Գասպարյանը վիճարկում է հենց գիտելիքների ստուգման փուլի անճշտությունը, ինչը արդեն նախարարության տիրույթում չէ: Իսկ մրցույթին ներկայացուցիչ ուղարկել միշտ չէ, որ նախարարությանը հաջողվում է, փոխարենը ներկայացուցիչ պարտադիր լինում է բողոքարկման փուլում:

Գասպարյանի պնդմամբ, խնդիրներ են առաջացել նաև բողոքարկման փուլում․ արդյունքների ամփոփման թերթիկը հրապարակվել է իր հորդորից հետո, այն էլ՝ հետին ժամով: Հաջորդ օրը՝ ապրիլի 4-ին, Տարոն Գասպարյանը տեղեկացել է, որ մեկ ժամից ուշ է ներկայացրել բողոքարկման դիմումը, և պատճառով չեն կարող վերանայել այն: Մինչդեռ մասնակիցը վստահ է, որ չի խախտել դիմումի ներկայացման մեկժամյա սահմանափակումը:

Մարզպետ Գարիկ Սարգսյանը վստահեցնում է, թե մրցույթն անցկացվել է օրենքի տառին համապատասխան և Գասպարյանը ինչպես տեսաձայնագրության չտրամադրման, այնպես էլ բողոքարկման դիմումը չընդունելու մասով կարող է դիմել դատարան․ - «Ես նույնիսկ մեր իրավաբանի հետ խոսեցի, ասեցի՝ ավելի լավ չի՞ մենք հրապարակենք ամբողջ մրցույթի ընթացքը, քանի որ ոչ մի մտավախություն չունենք, թե մեր մրցույթը ինչքան իդեալական պայմաններում է անցել: Ինձ մեր իրավաբանը խորհուրդ չտվեց, քանի որ էստեղ օրենքի խախտում կարող է լինել, կարող է մյուս մասնակիցը բողոքարկել, որ իր պատասխանն է հրապարակվում: Ուստի մեր մյուս քաղաքացին, ով մասնակցել է և հաղթող չի ճանաչվել, նա կարող է դիմել դատարան և իր մասով ձայնագրությունը, եթե դատարանը որոշի տրամադրել, մենք կտրամադրենք: Միայն իր մասով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG