Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել Արևելյան գործընկերության 10-ամյակի հավաքի հռչակագիրը


Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին ասուլիսի ժամանա, Բրյուսել, 13-ը մայիսի, 2019թ․
Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին ասուլիսի ժամանա, Բրյուսել, 13-ը մայիսի, 2019թ․

Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքը երեկ շեղվել է նախատեսված ընթացքից՝ Ադրբեջանի պատճառով: Գագաթնաժողովի ավարտին Եվրամիության ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարներին այդպես էլ չի հաջողվել միասնական փաստաթուղթ ընդունել․ Բաքուն հրաժարվել է ստորագրել հռչակագիրը, քանի որ տեքստում որևէ հիշատակում չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

Ընդ որում, ինչպես տեղից հաղորդում է «Ազատության» բրյուսելյան թղթակից Ռիկարդ Յոզվիակը, նախորդ տարիներին ընդունված փաստաթղթերում այդ դրույթը հիշատակվել է, սակայն այս անգամ եվրոպացի առաջնորդները մերժել են Բաքվի պահանջն ու փաստաթուղթը թողել այնպես, ինչպես իրենք էին նախատեսել: Արդյունքում, ծրագրի տասը տարվա պատմության մեջ առաջին անգամ ամփոփիչ հայտարարությունը ընդունվել է ոչ թե հավաքի բոլոր մասնակիցների, այլ՝ միայն Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի անունից:

Ադրբեջանի արտգործնախարարն այսօր արդեն հաստատել է, որ Բրյուսելի առաջարկած ձևակերպումներն անընդունելի են եղել Բաքվի համար: Քիչ առաջ՝ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովում, պատասխանելով հարցին, թե ինչու է հրաժարվել ստորագրումից, Էլմար Մամեդյարովն ասել է՝ հարցը պետք է ուղղել ոչ թե իրեն, այլ՝ Եվրամիությունում այժմ նախագահող երկրի՝ Ռումինիայի ներկայացուցիչներին:

«Մեզ՝ Ադրբեջանի պատվիրակությանն այդ փաստաթուղթը չէր բավարարում, քանի որ չէր ներառում այն սկզբունքները, որոնք ամրագրված են Հելսինկյան եզրափակիչ ակտում և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ հռչակագիրը կտարածվի միայն Եվրամիության արտաքին քաղաքականության գծով բարձրագույն հանձնակատարի անունից՝ առանց հղում անելու հավաքի մասնակիցներին», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, մինչդեռ, քիչ առաջ, Բրյուսելում, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծել է, որ Հայաստանը գոհ է հոբելյանական գագաթնաժողովի արդյունքներից:

«Մենք սկզբունքորեն գոհ ենք արդյունքներից։ Ինչ վերաբերում է ամփոփիչ հայտարարությանը, այն եղել է Մոգերինիի կողմից, որը արտահայտում է անդամ պետությունների և Հայաստանի մոտեցումները», - նշեց Հայաստանի արտգործնախարարը։

Ավելի վաղ՝ այսօր, Մնացականյանը հոդված էր հրապարակել EUobserver պարբերականում՝ ընդգծելով, որ Երևանը բազմաթիվ ձեռքբերումներ ունի եվրամիության հետ գործընկերությունից և շարունակելու է խորացնել հարաբերություններն ու կապերը եվրոպական ընտանիքի հետ: Ընդ որում՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Երևանը ավելի մեծ աջակցություն է ակնկալում Բրյուսելից Հարավային Կովկասում խաղաղություն ու անվտանգություն հաստատելու հարցում: «Օրինակ՝ տևական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման կենսական իրավունքին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման համար, քննություն է, թե որքանով են մեր դաշնակիցները հետևողական մեր տարածաշրջանում իրական խաղաղությանը աջակցելու և մեր ժողովուրդների՝ անվտանգության վերաբերյալ մտահոգությունները փարատելու հարցում», - գրել է Մնացականյանը՝ ընդգծելով, որ այս սկզբունքներն ու դիրքորոշումներն ամրագրված են Հայաստանի և Եվրամիության միջև 2017 թվականին ստորագրված համաձայնագրում:

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը «Ազատության» հետ զրույցում պատմել է՝ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ անդրադարձել են ղարաբաղյան խնդրին՝ ընդհանուր հավաքի ժամանակ:

«Երկուսն էլ բարձրացրել են այդ հարցը, սակայն, նրանք դեմ առ դեմ չխոսեցին, այդպիսի հանդիպում նախատեսված չէր: Բայց կարծում եմ, որ այդ անհրաժեշտ բանակցությունների կայացումը կարող է նոր շրջադարձ լինել, և Եվրամիության նախագահն էլ հստակ ընդգծեց, որ մենք, որպես Եվրամիություն, ակնկալում ենք հարցի լուծում: Վստահ եմ, որ գալիք ամիսներին, և հուսով եմ՝ ոչ թե տարիներին, այստեղ նոր էներգիա կլինի, և կարծում եմ՝ երկու կողմերն էլ այժմ շահագրգռված են, որ հարցը առարկայական քննարկեն», - ընդգծեց Յոհաննես Հանը:

Ի դեպ, ակնկալվում էր, որ երեկ՝ Արևելյան գործընկերության հոբելյանական հավաքին, Ադրբեջանն ու ԵՄ-ն ի վերջո կստորագրեն համագործակցությունը խորացնելու համաձայնագիրը, որի շուրջ բանակցում են արդեն ավելի քան 4 տարի: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ, այդուամենայնիվ, փաստաթուղթը չստորագրվեց, Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը նշել է, որ կարևորը որակն է, ոչ թե արագությունը՝ չթաքցնելով, որ կողմերը տարաձայնություններ ունեն հատկապես մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի վարած քաղաքականության հետ կապված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG