Մատչելիության հղումներ

«5-րդ ալիք»-ի սեփականատերը հերքում է, թե շշով հարվածել է Գասպարիին


«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյան

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքում դատարանի միջանցքում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին շշով հարվածելու դեպքի առիթիվ Ոստիկանությունում դեռ քննություն է ընթանում:

«Ազատության» հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ՝ միջադեպի 5 մասնակիցների ինքնությունը, նրանք երեկ եղել են ոստիկանությունում:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ոստիկանության լրատվության բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանը, փաստի առթիվ կատարվում է քննություն, քրեական գործ դեռ չի հարուցվել:

Բերման ենթարկված անձանց անունները չեն հրապարակում, բայց «Ազատության» հետ զրույցում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը հաստատեց ոստիկանական բաժնում եղել է և այնտեղից բարեկամաբար հեռացել:

Չնայած տեսանյութերում երևում է, որ ջրի շիշը Գասպարիի ուղղությամբ նետում է Արմեն Թավադյանը, վերջինս հերքում է այդ փաստը:

«Ես չեմ ճանաչում էդ մարդուն [Վարդգես Գասպարիին]: Ո՞նց ես կարամ խփեմ էդ մարդուն, ում չեմ ճանաչում», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Թավադյանը: - «Ոստիկանություն հրավիրել են, մի հատ սիգարետ ենք ծխել, մի հատ կոֆե ենք խմել, շնորհակալություն են ասել, ես էլ եմ իրանց շնորհակալություն ասել, ծանոթացել ենք, շատ հաճելի մարդիկ են, ցտեսություն եմ ասել»:

Մարտի 1-ի գործով դատապարտված, հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով իր իրավունքների խախտումներն արձանագրած Վարդգես Գասպարին առավոտյան ոստիկանության բաժնում բացատրություն է ներկայացրել և սպասում է իրավապահների գործողություններին:

Իր նկատմամբ բռնությունը, սակայն, ածանցյալ խնդիր է համարում․ - «Կարևոր և հիմնավոր խնդիրը Մարտի 1-ի տասը զոհերի կյանքի իրավունքի ոտնահարումն է: Այ դրա մասին ես ամենաշատ ակնկալիքն ունեմ քաղաքացիներից: Այսօր դատարանի առջև էին եկել Քոչարյանի աջակիցները՝ցույց տալու, որ այսպես ասած հանրությունն են ներկայացնում»:

Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ցույցերի ժամանակ պլաստտկ շշով ոստիկանին հարվածելու համար 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Էդգար Առաքելյանը «Ազատության» հետ զրույցում իր գոհունակությունը հայտնեց, որ այժմ նման միջադեպից հետո քաղաքացին ազատության մեջ է և շարունակում է իր բողոքի ակցիան անցկացնել:

«Մենք պահանջում էինք վերանայել ընտրությունները, որի արդյունքում պողոտայի լույսերն անջատեցին ու հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա: Սկսեցին ծեծել, ջրցան մեքենաներով․․․ ես տեսա, որ մի հղի կնոջ նույնպես ծեծում են, հարձակվեցի ու պլաստմասի շիշ շպրտեցի ուղղակի, որպեսզի էդ կնոջը ազատեի: Որից հետո ինձ ձերբակալեցին: Քոչարյանը ուրիշ բան չուներ ասելու, անելու: Էդ մի կադրն էր, որ վերցրել-ուղարկել էր Ստրասբուրգ, թե՝ նայեք ընդդիմությունը ինչ ա անում մեր գլխին»:

Մինչև երեկվա միջադեպը Գասպարին Թավադյանին չի ճանաչել, իսկ տեղեկությունը, որ իր նկատմամբ բռնություն կիրառած քաղաքացին «5-րդ ալիք» հեռտաընկերության սեփականատերն է, լսել է լրատվականներից։

Թավադյանը նախկին «Արարատ» հեռուստաընկերության բաժնետոմսերը ձեռք է բերել հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի օգոստոսին: Համացանցից տեղեկանում ենք, որ նա Ստեփանակերտից է, 1993-ին հիմնադրել ու մինչև 2005-ը ղեկավարել է Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը։ Արմեն Թավադյանն ստեղծել է նաև Ռուսաստանի Պետդումայի քաղաքական ղեկավարության հետ տարվող աշխատանքների կոնտակտային խումբ։

«5-րդ ալիք»-ի սեփականատերը այլ բիզնեսներում ևս ներգրավված է։ Վերջին երկու օրերին ակտիվորեն մասնակցում է ի աջակցություն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցկացվող ցույցերին:

«Ազատության» հարցին, թե արդյոք շահերի բախում չի տեսնում նրանում, որ «5-րդ ալիքի» սեփականատերմ ակտիվորեն մասնակցում է ի պաշտպանություն Քոչարյանի ցույցերին, Թավադյանն արձագանքեց․ - «Թի-Վի 5-ի ներքին գործերին ես չեմ խառնվում: Ես ընդամենը սեփականատեր եմ: Մասնագիտական գործերին ես չեմ խառնվում»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ բողոքի ակցիային Թավադյանի ակտիվ մասնակցությունը հաստատում է հանրության մոտ առկա կարծիքը, որ Ռոբերտ Քոչարյանը լուրջ լրատվական ռեսուրսներ է տնօրինում և այստեղ ըստ Մելիքյանի անելիք ունի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը․ - «Այդ փաստը նույնպես ավելորդ անգամ վկայում է այդ հեռուստաընկերության քաղաքական ուղղվածության և այնտեղ աշխատող մարդկանց կողմնորոշումների մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG