Թող լույս լինի, և լույս եղավ. Վատիկանի կարդինալը՝ խախտելով օրենքը, վերականգնել է անօթևանների էլեկտրամատակարարումը։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մերձավոր օգնական, կարդինալ Կոնրադ Կրաևսկին հարուցել է իտալական կառավարության զայրույթը։ Նա անգամ կարող է վարչական պատասխանատվության ենթարկվել:
Վարչապետ Մատեո Սալվինիի կաբինետին, մասնավորապես, զայրացրել է փաստը, որ կարդինալը՝ խախտելով օրենքը, բացել է Հռոմի արվարձաններից մեկում գտնվող լքված եկեղեցու ստորգետնյա դիտահորը, որը կնքված էր ոստիկանության կողմից, և վերականգնել տաճարի էլեկտրականությունը:
2013 թվականից այդ եկեղեցում ապաստանել են մոտ 450 իտալացի անօթևաններ և միգրանտներ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, անչափահասներ:
Մայիսի 6-ից եկեղեցում հոսանք չկար. մոտ 300 հազար եվրո պարտքի պատճառով այն անջատվել էր:
«Ինչ կարող եմ ասել՝ դա հուսահատ մի իրավիճակ էր, և ես, կրկնում եմ, չեմ խուսափում պատասխանատվությունից ու պատրաստ եմ իմ քայլի համար վճարել տուգանք, եթե դրա անհրաժեշտությունը լինի», - Corriere della Sera-ի հետ զրույցում ասել է ծագումով լեհ կարդինալը։
Հոգևորականի աննախադեպ քայլը Իտալիայում բուռն քննարկումների առարկա է դարձել. աջակողմյան թևը կոշտ քննադատում է, ձախակողմյան ճամբարում, մինչդեռ, 55-ամյա կարդինալին անվանում են մերօրյա Ռոբին Հուդ:
«Անօրինականությունը պաշտպանելը լավ նշան չէ», - քննադատելով հոգևորականի արարքը՝ հայտարարել է վարչապետ Սալվինին, ով հաճախ է Վատիկանի հետ բանավեճի մեջ մտնում միգրացիոն և սոցիալական հարցերի շուրջ:
Ըստ իտալական մամուլի, Հռոմում հեծանիվով տեղաշարժվող բարձրաստիճան հոգևորականը հայտարարել է, որ կփորձի անձամբ վճարել հոսանքազրկված եկեղեցու էլեկտրականության վարձը:
«Այնտեղ երեխաներ են ապաստանել։ Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը, ինչպե՞ս են այդ ընտանիքները նման իրավիճակում հայտնվել», - ի պատասխան իր հասցեին հնչող քննադատության՝ ասել է կարդինալը:
2013 թվականից կաթոլիկ եկեղեցու բարեգործական հիմնադրամների գործունեությունը համակարգող Կրաևսկին առաջին անգամ չէ, որ մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվում: Նրան մի քանի անգամ տեսել են քաղաքացիական հագուստով, սպիտակ մեքենայով՝ անօթևաններին սնունդ բաժանելիս:
Լեհ կարդինալի ջանքերով է Վատիկանում բացվել բարեգործական կենտրոնը, որտեղ կարող են բժշկական օգնություն, լողանալու, հարդարվելու հնարավորություն ստանալ անապաստան մարդիկ: