Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ցանկանում է պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնությունը


Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, արխիվ, Բրյուսել:
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, արխիվ, Բրյուսել:

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Ջերեմի Հանթը, Ժան-Իվ Լը Դրիանը և Հեյկո Մաասն այսօր Բրյուսելում քննարկելու են 2015 թվականին Իրանի և միջազգային գերտերությունների կնքած պատմական միջուկային համաձայնությունը պահպանելու հնարավորությունը:

Բրյուսել է մեկնում նաև նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ անցյալ տարի պայմանագրից դուրս եկած և Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնած ու խստացրած Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավար Մայք Փոմփեոն, ով դրա պատճառով ստիպված չեղարկել է Մոսկվա կատարելիք այցը:

Անցյալ շաբաթ Թեհրանը հայտնել է, որ սառեցնում է միջուկային համաձայնության որոշ դրույթների կատարումը՝ հավելելով, թե եվրոպացիները պետք է կողմնորոշվեն և ձեռնարկեն ամերիկյան պատժամիջոցներից խուսանավելու միջոցներ:

Բրյուսելը Թեհրանի այդ որոշումն «անընդունելի վերջնագիր» է որակել, բայց հավելել է, որ ցանկանում է պահպանել համաձայնությունը:

«Դուք շատ լավ գիտեք Եվրամիության դիրքորոշումը: Նախ, մենք շարունակում ենք ամբողջությամբ սատարել Իրանի հետ միջուկային համաձայնությունը, դրա ամբողջկական իրագործումը: Այսօր արտաքին գործերի խորհրդի նիստի շրջանակներում, ես հանդիպելու եմ Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի արտգործնախարարնեին: Իրանի հետ միջուկային համաձայնությունն ամբողջ աշխարհում և տարածաշրջանում միջուկային զենքի չտարածման համակարգի առանցքային տարրն է: Մենք շարունակում ենք հնարավորինս աջակցել այդ համաձայնագրին՝ մեր ունեցած ամբողջ գործիքակազմով և մեր քաղաքական կամքով: Այդ մասին լավ գտեն և՛ Վաշինգտոնում, և՛ Թեհրանում», - ասել է Մոգերինին:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթի փոխանցմամբ, խիստ վտանգավոր է Ամերիկայի և Իրանի առճակատման հետագա սրացումը, քանի որ կողմերից որևէ մեկի անզգույշ, պատահական և ոչ միտումնավոր քայլը կարող է հանգեցնել բախման:

«Ուստի, մենք այդ մտահոգությունները կիսելու ենք մեր եվրոպացի գործընկերների և Փոմփեոյի հետ», - ասել է Հանթը:

Անդրադառնալով Փոմփեոյի չնախատեսված այցին՝ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է, որ երեկ գիշերն է ստացել այդ տեղեկությունը․ - «Մենք այստեղ կլինենք ամբողջ օրը: Ժամանակացույցը խիստ հագեցած է, մենք միշտ ուրախ ենք նրան [ԱՄՆ պետքարտուղարին] հանդիպել, օրվա ընթացքում կփորձենք ժամանակ գտնել նրա հետ քննարկում անցկացնելու համար», - ասել է Ֆեդերիկա Մոգերինին:

Միացյալ Նահանգներն անցյալ տարվա մայիսի 8-ին է դուրս եկել համաձայնությունից, որը կնքվել է Բարաք Օբամայի նախագահության օրոք:

Այդ փաստաթղթով Իրանը պարտավորվել է սառեցնել միջուկային հետազոտությունները, ինչին ի պատասխան միջազգային համայնքը պետք է աստիճանաբար չեղարկի պատժամիջոցները և վերականգնի առևտուրը:

ԱՄՆ նախագահ Թրամփն ի սկզբանե դատապարտել է այդ համաձայնությունը և փաստաթուղթն անվանել է «Ամերիկայի երբևէ կնքած ամենախայտառակ պայմանագիրը»:

Թրամփի համոզմամբ, Իրանին այդ փաստաթուղթն անհրաժեշտ է սոսկ ժամանակ շահելու և միջուկային ռումբ ստեղծելու համար:

Թրամփին այդ հարցում միանշանակ աջակցել է Իսրայելի կառավարությունը: Ռուսաստանը և Չինաստանը պնդել են, որ համաձայնությունն անհրաժեշտ է ուժի մեջ պահել:

Համաձայնությունից դուրս գալու և պատժամիջոցները վերականգնելու ու նոր սահմանափակումներ մտցնելու մասին Թրամփի որոշումից հետո Իրանում սոցիալական-տնտեսական ճգնաժամը խիստ սրվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG