Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընդառաջ՝ ֆրանսիացի ազգայնականների առաջնորդ, «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը կոչ է անում ընտրողներին ակտիվորեն մասնակցել քվեարկությանը, թույլ չտալու համար, որպեսզի նախագահ Մակրոնի կուսակցությունը վստահության քվե ստանա:
«Եթե Էմանյուել Մակրոնը կարողանա ստանալ քվեների մեծամասնությունը, ապա նա նոր թափով կսկսի իրագործել նախկինում որդեգրած իր քաղաքականությունը: Մակրոնը իրեն լեգիտիմ կզգա և նույնիսկ կփորձի վրեժխնդիր լինել այն նվաստացման համար, որ կրեց վերջին ամիսներին՝ երկրում ծավալված բողոքի գործողությունների ընթացքում: Այդ իսկ պատճառով, ես դիմում եմ ընտրողներին` եթե ցանկանում եք կանխել դա, պետք է անեք ամեն ինչ, որպեսզի Մակրոնի կուսակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններում չկարողանա մեծամասնություն ստանալ», - հայտարարել է Լը Պենը:
Վերջին հարցումների համաձայն՝ Ֆրանսիայի իշխող կուսակցության օգտին այս պահին պատրաստ է քվեարկել ընտրողների 22, իսկ ազգայնականների օգտին՝ մոտ 22,5 տոկոսը: