Մատչելիության հղումներ

Հայաստանում դիակային դոնորների ռեեստրներ կստեղծվեն


«Ցավում եմ և ամաչում», - ասում է «Արաբկիր» բուժկենտրոնի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը․ - «Քրիստոնյա ժողովուրդ ենք ու մարդասիրությունից՝ դոնորությունից, հեռու»:

«Արաբկիր» բուժկենտրոնում 90-ականներից մինչև այժմ երիկամի 170 փոխպատվաստում է արվել կենդանի դոնորներից: Հիվանդի համար դոնոր են դարձել հիմնականում նրա ազգականները:

«Ծնողներն են՝ հայրը, մայրը, քույր-եղբայր՝ մենք ունեցել ենք, և ամուսին: Բայց ես ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, որ մենք ունենք օրգան պատվաստված կին, որը ծննդաբերել է արդեն», - մանրամասնում է Բաբլոյանը:

Ուրախանալու շատ բան, սակայն, չկա։ Այսօր Հայաստանում 900 հոգի դիալեզի սաքին կցված օրումեջ հիվանդասենյակում ժամերով արյունն է ֆիլտրում, որովհետև նրանց փոխպատվաստելու համար երիկամ չի գտնվում։ Այստեղ կարող էր օգնության գալ դիակային դոնորի երիկամը։

«Եթե քո հարազատը, որը 20 կամ 40 տարեկան է, կարիք ունենա էդ պատվաստմանը՝ դու կուզենա՞ս իր կյանքը շարունակվի, թե ոչ: Էդպես դրեք հարցը: Ոչ թե՝ էնպես ենք մենք դնում, որ մենք այնպիսի ազգ ենք, որ չենք կարողանում ազնիվ աշխատել, որ կարող է մեկի կյանքը դադարեցնեն, որպեսզի մյուսին օրգանը տան: Աբսուրդ է դրա մասին խոսելը, մենք հստակ օրենք ունենք», - ասում է Արա Բաբլոյանը:

Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին օրենքը 2002-ին է ընդունվել, փոխվել է մի քանի անգամ, բայց դիակային դոնորություն այդպես էլ չի գործում: Նախնական տարբերակում դոնոր կարող էր դառնալ նա, ով կենդանության օրոք համաձայնել էր իր օրգանները տալ մահից հետո։ Պարզվեց՝ 7 տարում նման մարդ Հայաստանում չի գտնվել, հետո փոխեցին օրենքը։ 2009 թվականից դոնոր են համարվում բոլոր նրանք, ովքեր կենդանության օրոք հրաժարվել են մահվանից հետո դոնոր դառնալ։ Եթե հանգուցյալը նախորոք ոչինչ չի գրել, դոնոր է, բայց՝ հարազատների համաձայնությամբ: Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի փոխտնօրենը՝ Դավիթ Պետրոսյանը, այս թեմայով հայկական լեգենդար կասկածամտությունը՝ օրգանների առքուվաճառքի մասին, տեղին չի համարում: Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ փոխպատվաստումը շատ բարդ պրոցես է, դրանով բժշկական խմբեր են զբաղվում։ Այսօր, օրինակ, Հայաստանը պատրաստ է սրտի փոխպատվաստման, բայց հասկանալի է՝ ողջ մարդու սիրտ չեն վերցնի, դիակային դոնոր է պետք:

«300 մարդ տարեկան մահանումա սրտի էն հիվանդություններից, որոնց ժամանակ ցուցվածա սրտի փոխպատվաստում: Էդ մարդկանց կարելիա փրկել», - ասում է Պետրոսյանը:

Հիշեցնեմ՝ շաբաթներ առաջ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լյարդի փոխպատվաստում արվեց։ Դոնորության թեման հենց դրանից հետո էլ ակտիվացավ։ Այժմ մշակվում են դիակային դոնորության մեխանիզմները: Նախ պետք է ստեղծվեն մի քանի բազաներ:

«Մոտավորապես տարվա վերջ, մյուս տարվա սկիզբ՝ ռեեստրը մենք կունենանք, էդ ժամանակ արդեն զուգահեռ պետք է իրազեկենք մեր քաղաքացիներին, որ իրենք դա նորմալ ընդունեն, համակերպվեն էն մտքի հետ, որ դա մարդասիրությունա և ոչ մի բիզնես էլ չի, ոչ մեկ տրամադրված չի իրանց հարազատների օրգանները տանել, վաճառել․․․ իրականում ըտենց բան չկա»:

Բժիշկ Հայկ Մանասյանը վստահ է՝ մեր առողջապահական համակարգը պատրաստ չէ դիակային հետմահու փոխպատվաստմանը, կան բազմաթիվ կազմակերպչական ռիսկեր․ - «Իմ խորին համոզմամբ, այսօրվա դրությամբ էս հարցի մեջ բերելը ընդամենը պոպուլիստական օրակարգ ձևավորելու հարց էր»:

Բժիշկ Մանասյանը վստահ է՝ սա «Արմենիկումի» պես մի բլեֆ է, եթե առանձին էպիզոդներ էլ ստացվեն, օրինակ՝ երիկամի փոխպատվաստման դեպքեր, միևնույնն է՝ փոխպատվաստումային բժշկության զարգացման մասին խոսել չի լինի:

«Ավտովթար է եղել, ենթադրենք, մահացել է երիտասարդ մեկը, որի երիկամը կարելի է փոխպատվաստել դիալիզով հիվանդներին: Վերցնենք էսպիսի իրավիճակ: Էդ հարազատին մարդիկ չեն կարողանում բացատրել, որ՝ ձեր հարազատը մահացավ, նրա գերդաստանը ռեանիմացիայի դռներնա ջարդում, բժիշկների գլուխնա ջարդում․․․ դուք էդ մարդուն կարա՞ք ասեք՝ ձեր հարազատի երիկամը կտա՞ք տանենք փոխպատվաստենք», - օրինակ է բերում բժիշկը:

Արա Բաբլոյանը կարծում է՝ հանրության հետ պետք է աշխատել․ - «Մենք կարող ենք մեկ մարդու կյանք փրկել՝ սիրտ պատվաստել, մեկ մարդուն լյարդ պատվաստել և երկու մարդու երիկամները պատվաստել: Այսինքն՝ փաստորեն 4 մարդ փրկվում են»:

«Արաբկիր» բուժկենտրոնում պատրաստվում են լյարդի փոխպատվաստման․ հայ մասնագետների խումբը առաջիկա օրերին կմեկնի Մինսկ՝ վերապատրաստման: Ի դեպ՝ պոլիկլինիկաներում կան բլանկներ, որոնց վրա կարող եք ֆիքսել մահվանից հետո դոնոր դառնալու ձեր անհամաձայնությունը։ Իսկ եթե համաձայն եք՝ այդ մասին տեղեկացրեք նաև հարազատներին ու շարունակեք ապրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG