Մատչելիության հղումներ

Երկիրը եգիպտական հյուրանոց չէ․ Պորոշենկոն հակադարձում է Զելենսկուն


Ուկրաինայի գործող նախագահ արձագանքել է ընտրյալ առաջնորդին ու պնդել` երկիրը եգիպտական հյուրանոց չէ, և իշխանության փոխանցման համար ժամանակ է պետք:

Facebook-յան իր էջում Պետրո Պորոշենկոն հերքել է Վլադիմիր Զելենսկու մեղադրանքները, թե ինքը միտումնավոր ձգձգում է նոր նախագահի երդմնակալությունը, որպեսզի զրկի նրան խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունից:

«Ես համաձայն եմ երդմնակալության ցանկացած օրվա հետ, սակայն, այդ հարցը պետք է Գերագույն ռադան որոշի», ֊ գրել է Պորոշենկոն, ընդգծելով` Ուկրաինան եգիպտական հյուրանոցի սենյակ չէ, իշխանության փոխանցումը բարդ ու պատասխանատու գործընթաց է:

Երեկ ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ էր հրապարակել` կոչ անելով Գերագույն ռադային երդմնակալությունը նշանակել մայիսի 19-ին, և թույլ չտալ, որ մինչ այդ Պորոշենկոն կադրային նշանակումներ անի:

Պնդելով, թե պաշտոնավարումն ավարտող նախագահը իրեն պահում է եգիպտական հյուրանոց եկած զբոսաշրջիկի պես, ով վերջին պահին փորձում է հետը տանել՝ ինչ հնարավոր է, Զելենսկին հայտարարել էր․ - «Ես շատ եմ խնդրում` հանձնեք բանալիները, վճարեք մինի բարի համար և գնացեք, դուք դեռ պետք է անձնագրային և մաքսային զննում անցնեք»:

Եթե Զելենսկու երդմնակալությունը լինի մայիսի 27-ից հետո, նորընտիր նախագահը կզրկվի խորհրդարանը լուծարելու հնարավորությունից, քանի որ երկրի Սահմանադրության համաձայն, օրենսդիր մարմինը չի կարող ցրվել լիազորությունների ավարտին նախորդող կես տարվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG