Մատչելիության հղումներ

Արմավիրում մի խումբ վարորդներ պահանջում են գազը կրկին խորանարդ մետրով վաճառել


Արմավիրում մի խումբ գազելի վարորդներ այսօր գործադուլ էին հայտարարել, նրանք պնդում են, որ մայիսի մեկից գազի խորանարդ մետրի փոխարեն կիլոգրամով վաճառքի պատճառով ավել գումար են վճարում։

«Հիմա գազի գինը որոշել են՝ ասեն, սենց ա լինելու, կիլոյով են տալու, լավ կլինի, տեսանելիորեն կզգանք, որ լավ ա լինելու։ Է, տեսանելիորեն զգացինք, որ թքում ենք վափշե», - ասաց վարորդներից մեկը։

Այս վարորդի խոսքով, նախկինում 6 հազար 500 դրամի էր գազ լցնում, իսկ օրենքի փոփոխությունից հետո նույն ծավալի գազի դիմաց 3000 դրամ ավելի է վճարում։

«Մի կալոնկայում 255 ա, մյուսում՝ 260, էն մյուս կալոնկայում՝ 285, տարբեր գներ», - նշեց նա։

«Ազատության» հարցին՝ ինչպե՞ս կբացատրեք, որ Երևանի վարորդները հիմնականում ասում են, որ իրենց վրա ավելի լավ է ազդել, պատասխանեց. «Երևանում մենք իմացել են, որ 300 դրամ ա»։

Վարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ Պողոս Օղնուկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ օրենսդրական փոփոխության կարիք չկար: Նրա խոսքով, տարիներ շարունակ խորանարդ մետրով էին լցնում և որևէ բողոք չունեին․ - «Էդ գիգանտը ո՞վ ա, որ որոշել ա կիլոյով փոխի: Էդ կիլոյով ում էին ուզում պատժեին՝ գազալցակայանների՞ն, թե՞ ժողովրդին։ Էսօր դուրս եկավ՝ ժողովրդին են պատժում»:

Օղնուկյանը ներկայացնում է վարորդների պահանջը՝ չեղարկել օրենքի փոփոխությունը և վերադառնալ խորանարդ մետրի. - «Էդ գիտնականների որոշումով մարդկանց գրպանից էթում ա ինչ-որ մեկի գրպան․ թե հիմա պետության, թե ինչ-որ մասնավորի, դա էական չի»։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ՝ սպառնալով, որ եթե չգա իրենց լսելու, ճանապարհներ կփակեն:

«Ես իմ անձնական հարցով չեմ էթում օգնություն խնդրեմ կամ ինչ-որ մի բան, սա հանրության հարց ա։ Իրանք թող իրանց աթոռներից վեր կենան, կաբինետներից դուրս գան ու մոտենան ժողովրդին, որովհետև ժողովուրդն իրանց սաղին հարգել ա», - ասաց մասնակիցներինց մեկը։

Ակցիայի վայր եկավ մարզպետարանի աշխատակիցը, հայտնեց, որ մարզպետը չի պատրաստվում գալ, փոխարենն առաջարկում է 5-6 հոգանոց խումբ ուղարկել մարզպետարան։ Վարորդների համար առաջարկն ընդունելի չէր, որոշեցին երթով գնալ մարզպետարան:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի առաջարկը փոխվեց, երբ ավտոերթը տեղ հասավ. ընդունեց բոլոր վարորդներին:

Մարզպետն իջավ և հավաքվածներին հայտնեց՝ հարցն իր ենթակայության տակ չէ։

«Ժողովուրդ ջան, էս թյուրըմբռնումը, էս սուտ ինֆորմացին, որ գնում է ու մարդկանց հանում են փողոց, ստեղծում են մի հատ իրավիճակ, ուր մարզպետարանը ընդհանրապես կապ չունի: Մի քանի ամիս առաջ կարծեմ հենց ձեր հետ էլ խոսակցություն ունեցել եմ, կամ ձեր կազմակերպությունից մարդիկ են եղել, ես խոսացել եմ», - ասաց Մաթևոսյանը։

Մարզպետը վարորդներին առաջարկեց իրենց պահանջները գրավոր ներկայացնել, իսկ ինքը կկապվի ոլորտի պատասխանատուների հետ և կպատասխանի ակցիայի մասնակիցներին։ Վարորդները պահանջների առաջին կետում նշեցին՝ գազի դիմաց վճարեն նախկինի չափով, քանի դեռ պատասխանատուները ստուգումներ չեն արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG