Մատչելիության հղումներ

Ներարկման հետևանքով 8 քաղաքացու տեսողությունը խիստ վատթարացել է


Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում խախտվել են ներարկումների անվտանգության կանոնները. սա Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի նախնական գնահատականն է:

«Ներարկումների անվտանգությունը խախտված է, և այդպես է իրականացվել բժշկական միջամտությունը: Դա արդեն փաստ է: Վարկած ասեմ, վարկած է», - փոխանցեց Ներհիվանդանոցայաին վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:

Շաբաթասկզբին ակնաբուժական կենտրոնում ներակնային սրսկումներ են կատարվել, ինչի հետևանքնով 8 հիվանդների մոտ սկսվել է ագրեսիվ բորոբոքում, ընդհուպ տեսողության խիստ վատթարացում, հիվանդները միայն լույս ու ստվեր են զգացել: Կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի ղեկավար Արմեն Վարդանյանն է շտապ վիրահատություններ սկսել:

8 հոգուց 5-ին վիրահատել են, իսկ 3-ը դեղորայքային բուժմամբ են հաղթահարելու այդ տարօրինակ ներարկման հետևանքները:

Պատմում է հիվանդներից Սահականույշ Սահակյանը․ - «Ներակումից հետո եկել եմ տուն, գիշերը աչքս սկսեց ցավել: Դրանից հետո առավոտյան տեսանք արյուն ա լցված»:

Տիկին Սահականույշը վիրահատվածների թվում է: Ասաց, որ տեեսողությունն աստիճանաբար վերականգնվում է․ - «Հիմա ես լավ եմ: Նույնիսկ կարելի է ասել ժամ ժամի վրա զգում եմ, որ տեսադաշտը ավելի բացվում է»:

«Մենք բոլոր հիմքերը ունենք մտածելու, որ հիվանդները չեն կորցնի իրենց տեսողությունը: Արդեն հիվանդների մեծ մասը տեսողություն ունի», - ասաց ակնաբուժական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի ղեկավարը:

Ներարկված դեղը Շվեյցարական «Ռոշ» ֆիրմայի «Ավաստին» հակաուռուցքային դեղամիջոցն է, որը, ինչպես ասացին Մալայանի ակնաբուժական կենտրոնում, միշտ են օգտագործել: Այն ներկրում է «Նատալի ֆարմ» ընկերությունը:

Այս սկանդալից հետո «Նատալի ֆարմը» հայտարարություն տարածեց. «Ավաստինը» ներակնային ներարկման համար չէ, բացի այդ դեղը պետք է կիրառել սրվակը բացելուց անմիջապես հետո։ Եթե ներարկումը մի քանի օրվա ընթացքում է արվել, ապա, այո , բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել»:​

Սրսկումից բորբոքում ստացած հիվանդներին ներարկել են մի քանի տարբեր բժիշկներ, բայց նույն սրվակից», - ասում է Գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար Լիլիթ Ոսկանյանը:

Սրվակը բացելն ու տարբեր ներարկիչներ լիցքավորելը, ապա երկու օրվա մեջ այն կիրառելը համաճարակաբան Ռոմելա Աբովյանը խնդրահարույց է համարում. նախ այս դեղի ժամկետը 24 ժամ է, հետո էլ ներարկիչը բացվեց և մեկ րոպե էլ չօգտագործվեց, արդեն խնդիր է․ - «Սպառվել են այս ներարկիչները երկու օրվա ընթացքում»:

Ի դեպ, ախտահարված սրվակը հիվանդանոցում այդպես էլ չի գտնվել: Այժմ համաճարակաբանական հետազոտությունն արվում է ներարկիչներից վերցված նմուշով: Վերջնական պատասխանը կլինի 14 օրից:

Մալայանի ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանն ասում է, որ միջադեպի առաջին օրվանից մտածում-վերլուծում են, չեն քնում:

Ի դեպ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն էլ է այս խնդրով վարչական վարույթ հարուցել։ Ալեքսանդր Մալյանն ասաց, որ սպասում է մասնագետների վերջնական եզրակացությանը, իսկ որպես մասնագետ ուղղակի ցնցված է․ - «Ինձ համար, ում կարիերան ավարտին ավելի մոտ է, քան սկզբին, դա բացառիկ հարված է: Մասնագիտական և մարդկային»:

Ներարկումից տուժած քաղաքացիները ակնաբույժների հսկողության տակ են: Կենտրոնում այստեղ հույս ունեն, որ նրանց տեսողությունը կվերադառնա նախաներարկումային վիճակին:

«Եթե մեր բուժման վերջում էդ վիճակը գոնե վերականգնվի 90-95 տոկոսով, ես մեծ մաղարիչ կանեմ», - ասաց Ալեքսանդր Մալայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG