Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրանի» երիտասարդ ղեկավարությունը որոշակի փոփոխություններ է կատարել մրցութային ծրագրերում


Անցյալ տարեվերջից փոխվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ղեկավար կազմը, և այս տարի փառատոնի կազմակերպչական աշխատանքներն ամբողջովին կանոնակարգում են փառատոնի երիտասարդ ղեկավարները:

Այսօր հրավիրած ասուլիսին նրանք նախ ներկայացրին փառատոնի նոր լոգոն, ապա պատմեցին այն փոփոխությունների մասին, որ տեղի են ունեցել «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրերում:

Փառատոնի նոր լոգոյի հեղինակը դիզայներ Վիլյամ Կարապետյանն է: Նրա հետ փառատոնի կազմակերպիչները աշխատել են շուրջ երեք ամիս:

Փառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն նախ ներկայացրեց, թե ինչու է փոխվել փառատոնի տարբերանշանը՝ շեշտելով, որ նախապես մտադիր չեն եղել այն անպայման այս տարի փոխել․ - «Աշխատանքները երբ սկսեցինք արդեն թե՛ ծրագրային առումով, թե՛ նոր նախաձեռնությունների առումով, փառատոնը բավական փոփոխություններ սկսեց կրել: Եվ հասկացանք, որ դա պիտի վիզուալ առումով կարողանանք ներկայացնել, նոր լոգոն արտահայտի նաև մեր բոլորի մոտեցումը փառատոնին, որը թե՛ ծրագրային առումով, թե՛ ստրատեգիկ առումով մի փոքր տարբեր կլինի արդեն»:

Փառատոնի կազմակերպիչներն այսօր շատ փակագծեր չբացեցին՝ խոստանալով առաջիկա ասուլիսների ընթացքում առավել հանգամանորեն անդրադառնալ փառատոնի ծրագրերում ներառված ֆիլմերին, փառատոնի շրջանակներում կազմակերպվելիք կրթական ծրագրերին ու վարպետության դասերին, փառատոնի հյուրերին:

Հասմիկ Հովհաննիսյանի հավաստիացմամբ, սակայն, արդեն իսկ մեծ աշխատանք է կատարված․ - «Ապրիլի 15-ին փակվեց ֆիլմերի հայտերի ընդունումը: Մենք այս տարի ստացել ենք 740 հայտ: Դրանից բացի, իհարկե, փառատոնի ընտրողների խումբը Ռոտերդամի և Բեռլինի փառատոներից սկսեց ճամփորդությունների շարքը, որի արդյունքում ևս ընտրել են բավական շատ ֆիլմեր, հրավիրել են քննարկելու և այլն: Այսինքն, այս պահին ընտրող խումբը դիտարկում է 740 և ավելի ֆիլմեր, որոնց մի մասը տեղ կգտնի փառատոնի ծրագրերում»:

Այս տարի փառատոնի երիտասարդ ղեկավարների որոշմամբ տեղի են ունեցել նաև փափոխություններ փառատոնի հիմնական ծրագրերում․ - «Հիմնական փոփոխությունն այն է, որ միջազգային լիամետրաժ մրցութային ծրագիրը այլևս չի առանձնացնում խաղարկային և վավերագրական ժանրերը: Կներկայացվի մեկ մեծ ծրագիր, որտեղ, ըստ փառատոնի ընտրողների, հավաքված են ընթացիկ տարվա լավագույն ֆիլմերը՝ անկախ իրենց ժանրից: Այսօր կինոյի մեջ սկսում են կորել ու ջնջվել այն սահմանները, որոնք շատ խիստ առանձնացնում էին դոկումենտալը և խաղարկայինը: Չենք ուզում նաև, որ որևէ առումով վավերագրական կինեն թվա երկրորդական մրցույթ: Բերելով դրանք նույն մրցույթի մեջ՝ նույն կարևորությունն է տրվում»:

Ուշագրավ է նաև, որ փառատոնի ծրագրերում այլևս տեղ չի գտնի «Հայկական համայնապատկերը», որի ընթացքում ցուցադրվում էին միայն հայ ռեժիսորների ֆիլմեր: Դրա փոխարեն կմեկնարկի «Ռեգիոնալ կամ տարածաշրջանային համայնապատկեր» առայժմ պայմանական անունով ծրագիրը, որը կներկայացնի մեր տարածաշրջանի տարբեր երկրների, նաև իհակե Հայաստանի ռեժիսորների նկարահանած ֆիլմեր:

«Ազատության» հարցին, թե ինչ կերպ պիտի ներկայացվեն Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում բնակվող և ստեղծագործող մեր հայրենակիցների աշխատանքները, չէ՞ որ դրանք հենց «Հայկական համայնապատկերում» էին ցուցադրվում, փառատոնի գործադիր տնօրենը պատասխանեց․ - «Էստեղ պետք է դիտարկենք, թե արդյոք խոսքը գնում է միայն հայազգի ռեժիսորի, բայց ֆրանսիական ֆիլմի մասին, թե ֆիլմը Ֆրանսիա - Հայաստան համատեղ արտադրություն է: Եթե խոսքը Հայաստան համատեղ արտադրության մասին է, Հայաստանը ներգրավված է արտադրության մեջ թեկուզ փոքրամասնական կարգով, իհարկե կարող է ընդգրկվել նաև տարածաշրջանային ծրագրում: Իսկ եթե ֆիլմը միայն ֆրանսիական է, ապա այն կդիտարկվի միջազգային ծրագրի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG