Մատչելիության հղումներ

Քաղաքական բևեռ Քոչարյանի շուրջ նախկինում չի եղել, ապագայում էլ չի լինի․ «Իմ քայլի» պատգամավոր


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Ազգային ժողովի ընդդիմադիրները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ միավորվելու ծրագրեր չունեն։ Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժը բացառում է Քոչարյանի հետ համագործակցությունը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանից» ասում են՝ իրենք իրենց ուրույն տեսլականով են շարժվում։

2008-ին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանտից Reuters-ին տված գրավոր հարցազրույցում հայտարարել էր՝ հզոր ընդդիմադիր ուժեր միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին: Չհստակեցնելով՝ ինչպես, բայց պնդել էր՝ մասնակցելու է նոր ընդդիմության ձևավորմանը:

«Լուսավոր Հայաստան» Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարծում է՝ խորհրդարանում կա այն ընդդիմադիր բևեռը, որը լուրջ մարտահրավեր է նետում այսօրվա իշխանությանը։ Քոչարյանի հետ համագործակցության եզրեր չի տեսնում։

«Նոր ընդդիմություններ հնարավոր է ձևավորվեն, բայց ես բացառում եմ որևէ համագործակցություն Քոչարյանի և նրա շուրջ ձևավորվող ուժերի հետ, ինչպես նաև բացառում եմ, որ նրան կհաջողվի ձևավորել այն ընդդիմադիր ճակատը, որը կկարողանա լուրջ գործոն դառնալ Հայաստանի քաղաքական դաշտում։ Ինչ խոսք, ֆինանսներ և այլ ռեսուրսներ Քոչարյանը ունի ժամանակի ընթացքում կուտակած տարբեր միջոցներով, որը կարող է ազդել, բայց հասարակաությունը, ի վերջո, այդքան կարճ հիշողություն չունի և չի կարելի էդքան թերագնահատել մեր հասարակությանը։ Բոլորը հիշում են՝ Հանրապետական իշխանության տարներին երկրի բոլոր կորուստները և էն քրեաօլիգարխիկ համակարգը, որի հետ մենք ստիպված էինք լինում ամեն օր առերեսել», - նշեց Գրոգիսյանը։

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը հավաստիացնում էր՝ Քոչարյանից համագործակցության առաջարկ չեն ստացել:

«Մենք արդեն աջակցել ենք այդ հեղափոխությանը և աջակցում ենք տնտեսական հեղափոխությանը։ Մեր մոտեցումը սա է, որ պետք է գնանք այս ճանապարհով, բայց դա չի նշանակում, որ հիմա համաձայն ենք ամեն ինչի հետ, ինչ որ կատարվում է։ Այն ծրագիրը կամ այն կառուցվածքը կառավարության, որ հրամցվել է, մենք դրան դեմ ենք քվեարկել, դա չի բերի էն ծրագրերի իրականացմանը, որը մենք ենք կարծում, թե ինչպես պետք է արվի», - նշեց Մելքումյանը։

Երկորորդ նախագահի կառավարման տարիների ամենահայտնի գործարարներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը Քոչարյանի մեղադրանքը չի քաղաքականացնում, կարծում է՝ գործընթացն իրավական է։

Իսկ ահա Դաշնակցությունն անցած ամիսներին չի թաքցրել՝ «կողմնակալ քննության» տպավորություն ունի։ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում անդամներ ունենալով՝ Դաշնակցության պատգամավորներն անցած տարի միացան Քոչարյանին ազատ արձակելու ստորագրահավաքին։ Դաշնակցությունը Քոչարյանին սատարել է նրա նախագահության երկու ժամկետների ընթացքում էլ։

Կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ խիստ երկրորդական է, թե ում են համագործակցում, իրենց համար կարևոր է՝ ինչ հարցերի շուրջ։ - «Նման քննարկումները որևէ մեկի հետ չենք ունեցել։ Ինչ կլինի հետագայում, ինչ հարցի շուրջ, ինչ ֆորմատով այդ մասին անիմաստ է հիմա խոսել»։

«Ազատության» հարցին՝ եթե նման քննարկումներ լինեն, չի՞ բացառում իրենց մասնակցությունը, պատասխանեց. «Կարևոր է՝ ինչ հարցի շուրջ, այսինքն հիմա ես ինչը բացառեմ, որ չգիտեմ ինչի մասին է խոսակցությունը»։

«Ազատության» դիտարկմանը, որ իշխանությանը մարտահրավեր նետելու մասին էր Ռոբերտ Քոչարյանը խոսում, արձագանքեց. «Մենք իշխանությանը մարտահրավեր նետելու խնդիր չունենք։ Կապ ունի ինչ հարցի շուրջ»։

Իշխանությունը մեկ տարի առաջ կորցրած ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չբացառեց համագործակցությունը Քոչարյանի հետ․ «Եթե մեր քաղաքական օրակարգը կհամընկնի այլ ընդդիամդիր գործիչների քաղաքական օրակարգի հետ և կուսակցությունների, բնականաբար, ես չեմ բացառում որևէ մեկի հետ համագործակցությունը։ Դա ազգային ավանդական արժեքներն են, Արցախյան հիմնահարց, Ցեղասպանության միջազգային ճանաչում և, բնականաբար, նաև տնտեսական քաղաքականություն և ժողովրդավարություն զարգացում»։

«Ազատության» հարցին՝ կա՞ն Քոչարյանի անունից տարվող բանակցություններ՝ համագործակցության, պատասխանեց. «Ես պատասխանեցի ձեզ։ Ես միայն ազատություն կմաղթեմ Ռոբերտ Քոչարյանին»։

Քաղաքական բևեռ Քոչարյանի շուրջ նախկինում չի եղել, ապագայում էլ չի լինի, կանխատեսում է իշխանական «Իմ քայլից» Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Եթե մեկուսարանում այդպիսի բևեռ հնարավոր է ստեղծել, բայց ես ինչքան գիտեմ, այնտեղ էլ ինքը ցանկալի անձ չի։ Մեկ օրվա համար նախատեսված այդպիսի իմբեր կլինեն, որոնց բազմիցս տեսանք թե՛ էստեղ, թե՛ Արցախում։ Դրանք ընդամենը թիթեռնիկի կյանք ունեցան։ Երկրորդ օրը դրանք որպես կանոն անհետանում են, որովհետև պայքարի մեջ եթե չկա գաղափարը և անձի նկատմամբ վստահությունը, որևէ հեռանկար չի կարող ունենալ», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Կարծում է՝ Քոչարյանը տեղեկատվություն պակաս ունի, նրան «խաբում են»։

«Լավ կլինի, որպեսզի իրեն տեղեկատվություն հասցնողները պարզապես օբյեկտիվ իրեն ասեն, թե այդ հզոր անտեսանելի քաղաքական ուժերը, որտեղ են և նրանք ինչով պետք է դառնան իր համար հենարան, որին ինքը պետք է մասնակցի։ Բայց որ բոլորը կցանկանան իր միջոցներից օգտվել, ինչպես իր փաստաբաններն են, կարծում եմ, որ շատ ցանկալի է, ծանր սոցիալ-տնտեսական վիճակ է երկրում, իսկ ինքը շատ միջոցներ ունի։ Լավ կլիներ, որ այդ միջոցները դներ Արցախի ճանապարհների ավելացման և այլ ծարագրերի մեջ, բնակեցման ծրագրերի մեջ։ Էսօր պարզապես միջոցներ դնել նոր ընդդիմադիր բևեռներ, երբ որ այդ միջոցների իրական հասցեատերը մեր հասարակությունը պետք է լիներ», - նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ ողջ օրը կապ հաստատել չհաջողվեց:

Երկրորդ նախագահի փաստաբաններից՝ Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք՝ Քոչարյանը անձամբ կուսակցություն ստեղծելու ծրագրեր ունի՞, Ալումյանը պատասխանեց՝ տեղեկություն չունի, ունենալու դեպքում էլ մեկնաբանելու իրավասություն չէր ունենա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG