Մատչելիության հղումներ

Գերագույն ռադայի պատգամավորի պնդումը ապատեղեկատվություն է․ Վանեցյան


Հայաստանի համար անցանկալի անձանց ցուցակում ընդգրկված է եղել ավելի քան 30 հազար օտարերկրացի:

«Ես որ նշանակվել եմ Ազգային անվտանգության տնօրեն, շատ մեծ քանակության քանակության քաղաքացիների մուտքը, որ արգելափակված է Հայաստան՝ բացվել ա», - երեկ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վանեցյանի ներկայացմամբ՝ վերջերս «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան մուտք գործելիս խոչընդոտի առաջ կանգնած ուկրաինացի պատգամավորը ևս եղել է Հայաստանի համար անցանկալի անձանց ցուցակում։ ԱԱԾ տնօրենն ասում է՝ դա պարզապես տեխնիկական վրիպակի հետևանք է եղել․ - «Ինձ որ զեկուցել են, որ նման դեպք ա եղել, անմիջապես հարցը հարթվել ա և Մուստաֆա Նայեմը մուտք ա գործել Հայաստան: Ու Մուստաֆա Նայեմը օդանավակայանում մնացելա մի 40 րոպե: Ռուսաստանի կողմից ոչ մի ազդեցություն չկա»:

Վանեցյանը «ապատեղեկատվություն» է որակում Գերագույն ռադայի պատգամավորի պնդումը, թե իր մուտքը Հայաստան խոչընդոտվել է Ռուսաստանի պահանջով․ - «Ակնհայտ սուտ տեղեկատվության արդյունքում է ստացվել»:

Հարցին, թե ինչո՞ւ է ուկրաինացի պատգամավորը հայտնվել Հայաստանի սև ցուցակում, ԱԱԾ տնօրենն ասում է՝ չի հիշում։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մատնանշում է 2008 ընդունված կառավարության որոշումը, որով սահմանվում է Հայաստանի տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալները մուտքագրելու կարգը և պնդում՝ ուկրաինացի պատգամավորը որևէ կերպ դրան չի համապատասխանում․ - «Պրն Վանեցյանը պետք է ոչ միայն հղում կատարի փաստին ենթադրյալ, այլ պետք է նշի՝ այս կետերով որոնցով է, որ Մուստաֆան, որը ընդհանրապես Հայաստան չի այցելել, պատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել, կամ այնպիսի կազմակերպության է անդամագրվել՝ հանձինս Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր լինելով, որը դեմ է կա՛մ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, կա՛մ պաշտպանվածությանը»:

Իրավապաշտպանը վստահ է՝ պատգամավորի մուտքը խոչընդոտվել է հենց Ռուսաստանի միջամտությամբ։ Սաքունցը համոզված է՝ Մուստաֆա Նայեմը հայտնվել է Ռուսաստանի սև ցուցակում Ղրիմը Ռուսաստանին բռնակցելուց հետո իրականացրած գործունեության պատճառով․ - «Անձը, որը գործել է իր երկրի անվտանգության և իր երկրի շահերից ելնելով՝ որպես պատգամավոր, անցանկալի է համարվում Ռուսաստանի Դաշնության համար և ինքնաբերաբար համարվում է անցանկալի անձ Հայաստանի Հանրապետության համա՞ր: Սա ուղղակի խոստովանություն է պրն Վանեցյանի կողմից, որ ՀՀ-ում անցանկալի համարված անձանց զգալի մասը անցանկալի են համարվել՝ ելնելով Ռուսաստանի Դաշնության կողմից անցանկալի անձանց ցուցակից»:

Ինքը՝ Մուստաֆա Նայեմն հայտատարել էր՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայաստանցի սահմանապահներն ասել են, թե ինքն «անցանկալի անձ» է երրորդ երկրի համար: Պատգամավորը ենթադրել էր՝ այդ երրորդ երկիրը Ռուսաստանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG