Մատչելիության հղումներ

Ավտոներկրողների միության նախագահը տարեվերջին սոցիալական ընդվզում է կանխատեսում


ԵԱՏՄ կարգավորումներով նախատեսվում է հունվարի 1-ից ընդհուպ 6 անգամ բարձրացնել թեթև մարդատար ավտոմեքենաների՝ Հայաստան ներկրելու մաքսավճարը, ինչը կարող է սոցիալական ընդվզման պատճառ դառնալ, կարծում է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Եթե հիմա 15-20 հազար հոգիա մեքենա ներկրում, տարեվերջին դառնալու ա 100 հազար, Նիկոլ Փաշինյանն իր չինովնիկների պատճառով խայտառակվելու ա», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Ավտոներկրողների միության նախագահը:

Հովհաննիսյանի խոսքով բազմաթիվ քաղաքացիներ, առիթից օգտվելով, փորձելու են գումար աշխատել, դրսից մեքենաներ են ներկրելու՝ մաքսատուրքի բարձրացումից հետո թանկ վաճառելու ակնկալիքով:

Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է 2015 թվականին, բայց քանի որ Միության տարածքում մաքսավճարների դրույքաչափերը բարձր էին հենց սկզբից, Հայաստանին ընդառաջեցին և հարյուրավոր ապրանքատեսակների՝ այդ թվում թեթև մարդատար ավտոմեքենաների մասով 5 տարի հետաձգեցին մաքսային վճարների փոփոխությունը։ Ավտոներկրողների միության նախագահն ասում է՝ 2014-ին էլ է նույն վիճակը եղել․ - «Դեկտեմբերին հայտարարեցին, որ 5 տարի հետաձգում են և դա կործանարար դարձավ, մարդիկ մեծ գումարներ ծախսեցին, բայց թանկ չվաճառեցին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության մեկ տարին ամփոփող ասուլիսի ընթացքում անդրադարձավ մաքսավճարների սպասվող բարձրացմանը․ - «ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում սա շատ բարդ հարց է, որովհետև պայմանավորվածություններն արդեն կայացվել են և տուրքը պետք է բարձրանա»:

Վարչապետն առաջարկեց ներկրել էլեկտրական ավտոմեքենաներ, քանի որ դրանք ազատված են ավելացված արժեքի հարկի վճարից, որը թեթև մարդատար մեքենաների ընդհանուր մաքսազերծման վճարի 20 տոկոսն է կազմում:

Տիգրան Հովհաննիսյանն արձագանքում է վարչապետի հայտարարությանը՝ դեռ էլեկտոմոբիլների ներկրման ժամանակը չէ․ - «Պարոն Փաշինյանն ասումա՝ էլեկտրական մեքենաներ․․․ է հա, ես էլ եմ երազում, վաղը թևեր էլ ենք առնելու, թռչելու ենք էլ: Ինչի՞, հիմա Գերմանիայում ամբողջն էլեկտրական մեքենանե՞ր են, որ մենք 6 ամիս հետո սկսենք ներկրել»:

Ի դեպ, օրերս տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ կառավարությունը մտադիր է մաքսազերծման գնի շուրջ բանակցել ԵԱՏՄ անդամ երկրների հետ՝ նշելով, որ քննարկումներն ընթացքի մեջ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG