Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն Արցախում մասնակցել է Եռատոնի միջոցառումներին, հանդիպել Բակո Սահակյանի հետ


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Արցախում մասնակցել է Եռատոնին նվիրված միջոցառումներին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Փաշինյանն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող՝ Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Այնուհետև պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Շուշիում կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ Փաշինյանը զրուցել է ներկաների հետ և շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցի, կատարել մոմավառություն:

Այսօր կայացել է նաև Հայաստանի և Արցախի ղեկավարների հանդիպումը: Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը շեշտել են մայիսի 9-ի տոնական միջոցառումների կարևորությունը, քննարկել Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG