«Ինձ անհանգստացնում է Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը այն մասով, որովհետև ես աշխատել եմ Արցախի առաջին նախագահի հետ՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, իր հետ աշխատելը եղել է ինձ համար շատ բարդ, բայց՝ հաճելի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
«Ես կարծում եմ, որ իմ կողմից անբարոյական կլինի՝ խափանման միջոցը փոխելու համար չստորագրեի, որովհետև ես գտնում եմ, որ նույնը պետք է աներ Բաբկեն Արարքցյանը, եթե Լևոն Տեր-Պետրոսյանին՝ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահին կալանավորեին, նույնը պետք է անի Արարատ Միրզոյանը, եթե հետագայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասենք․․․ Հարցը ունի բարոյական կողմ», - շարունակեց Արցախի խորհրդարանական մեծամասության ղեկավարը:
«Բայց Ձեզ չի՞ մտահոգում, եթե նույն բարոյական կողմից խոսենք, որ, գիտեք, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում, ինչպես Փաշինյանն է ասում, իր ընտանիքի անդամները դարձել են միլիոնատեր՝ ինչպե՞ս դա ստացվեց», - այս հարցին Թովմասյանն արձագանքեց․ - «Ես անկաշառ, աշխատավարձով ապրող Քոչարյանին գիտեմ: Ես նորից եմ Ձեզ ասում՝ ես իր հետ աշխատել եմ մինչև 1997 թվականի փետրվարը, և նա անկաշառ մարդու, մաքսիմալիստ քաղաքական գործչի տպավորություն է թողել ինձ մոտ»:
Հարցին էլ՝ գաղափար ունի», թե ինչպես նախկին նախագահի ընտանիքի անդամները դարձան միլիոնատեր, արցախցի խորհրդարանականը պատասխանեց․ - «Ես չունեմ»:
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ իրեն զարմացնում է Լեռնային Ղարաբաղի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու խնդրանքով Արցախի նախագահ Բակո Սահակյանի ու երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի՝ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հղած դիմումի տեխնիկական մասը:
«Ես չգիտեմ՝ անտեղյակությո՞ւնն է պատճառը, թե՞ անգրագիտությունը, երբ որ դիմում են Գլխավոր դատախազին, բայց մի տեսակ բանի հոտ եմ առնում, երբ որ, ենթադրենք, քաղաքական ուժերը դիմում են, որոշ քաղաքական ուժեր, պատգամավորներ ստորագրություն են դնում և դիմում են Գլխավոր դատախազին, բայց դրանից առաջ զանգում են Երևանում տեղեկացնելու, որ էսպիսի բան են անում՝ «հանկարծ չնեղանաք», իսկ, ենթադրենք, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դիմում են մի մարմնի, որը այլևս իրավասու չէ կալանքից ազատել», - նշեց Խանումյանը:
«Եթե մարդիկ իրականում ցանկանում են, ապա՝ իրական պրոցեդուրաներին հետևեն, իսկ եթե իրականում չեն ցանկանում, ուղղակի ցանկանում են երկակի խաղ խաղան, պետք է նշել, որ էսօր էդ ինտրիգների ժամանակը անցել է՝ հրապարակային քաղաքական դաշտում ենք, և պետք է խաղալ խաղի կանոններով» - ընդգծեց արցախցի ընդդիմադիր խորհրդարանականը:
Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, հիշեցնենք, դիմել էին Արթուր Դավթյանին՝ մայիսյան Եռատոնին ընդառաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Նրանք հույս էին հայտնել, որ Հայաստանի գլխավոր դատախազն իր որոշմամբ հնարավորություն կընձեռի, որպեսզի Արցախի երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, «ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»:
Ի պատասխան՝ Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ դիմումը քննելն իր լիազորություններից դուրս է, քանի որ գործն արդեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանում է, և Դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ:
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: