Մատչելիության հղումներ

Փոմփեո. «Հարկավոր է բացառել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը»


Միացյալ Նահանգների կամ Ամերիկայի դաշնակիցների դեմ Իրանի կողմից ցանկացած հարձակում ռազմական հակազդեցության է արժանանալու, այսօր հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքը:

«Վաշինգտոնը Իրանի հետ պատերազմելու ցանկություն չունի, սակայն Իսլամական Հանրապետության դեմ ճնշումը շարունակվելու է այնքան ժամանակ քանի դեռ Թեհրանը չի փոխել իր գործելաոճը», - հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:

Հուքի պնդումները հնչեցին Իրանի կողմից 2015 թվականին կնքված միջուկային ծրագրի մի շարք դրույթների կատարումը սառեցնելու մասին հայտարարության հրապարակումից հաշված ժամեր անց:

Իրանի շուրջ վերջին զարգացումները այսօր Լոնդոնում քննարկում էին նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք այսօր արձանագրված զարգացումներից հետո Իրանի դեմ կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել, նշել է․ - «Իրանցիները մի շարք հայտարարություններով են հանդես եկել` սպառնալով տարատեսակ գործողությունների դիմել: Առայժմ մենք պետք է սպասենք և տեսնենք: Ես վստահ եմ, որ մենք, Մեծ Բրիտանիան, մեր եվրոպացի գործընկերները կանենք ամեն ինչ, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենքի ստեղծման հնարավորություն ստանալ»:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը ևս կարծում է, որ այս փուլում հարկավոր է սպասողական դիրքորոշում որդեգրել` հասկանալու համար, թե որոնք են լինելու Թեհրանի հաջորդ քայլերը:

«Դատելով այն նամակից, որ մենք այսօր առավոտյան ստացանք` մինչև Իրանի կողմից հստակ գործողությունների մեկնարկը դեռ 60-օր կա: Եթե նրանք որոշեն խախտել միջուկային համաձայնագրի դրույթները` կլինեն նաև հետևանքներ», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG