Մատչելիության հղումներ

«Փոքր գյուղից որ շատ եկամուտ չկա, ուշադրություն դարձնող էլ չկա»


Armenia -- The road to Vardablur Village in Aragatsoth Marz. 08May, 2019
Armenia -- The road to Vardablur Village in Aragatsoth Marz. 08May, 2019

Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղը տանող միակ ճանապարհը տասը տարի ի վեր դժվարանցանելի է, ինչի պատճառով գյուղացիները նախ չեն կարողանում ստացած բերքը վաճառել, առևտուր անել։

«Մեր ստացած բերքը՝ գարին ա, ցորենը, միսն ա, որ մտնեն, առնեն, տանեն ծախեն, մեքենաները չեն մտնում: Էդ գռուզի պատճառով, որ մեքենան կջարդվի, չեն մտնում: Շատ դեպքերում մենք ենք հանում մեր բերքը, հասցնում ենք այդ ճանապարը, որ տանք էդ տվյալ մարդուն, որ խոսացել ա մեր հետ: Մենք ջանդելով մեր մեքենաները, հասցնում ենք, որ էդ մարդը տանի», - բողոքեց գյուղացիներից մեկը:

«Պարոն Փաշինյանը մեզ հարգեց, կանգնավ ու ասեց՝ եթե ոչխարները շատացեք, անասնապահությունը շատացնեք, բոլոր գյուղի հողերը վարեք: Խնդրեմ, բոլոր գյուղի հողերը վարած ա, անասունները շատացած ա, ամեն ինչ արել ենք: Մեր ընդհանուր գյուղի խնդրանքը, որ․․․ 1,8 կիլոմետր ա, էսքան տեղը սարքեն, մեր ժողովուրդը չփախչեն ստեղից: Տասը տարի խնդրում ու յալվար ենք ընկնում, որ էս կարգավորեն։ Էդ ո՞նց ա, որ կարելի ա 100-300 կիլոմետրերը սարքել, էս երկու կիլոմետրը հնարավորություն չունեն, որ սարքեն, էս ժողովրդի վիիճակը բարելավեն»:

Բնակիչներն ասում են, որ գյուղի խնդիրները շատ են, բայց համայնքը դրանք իր ուժերով կլուծի։ Բայց ահա երկու կիլոմետր երկարությամբ ճանապարհը իրենց ուժերից վեր է:

Գյուղացիների պնդմամբ՝ ճանապարհի պատճառով այստեղ դժվարությամբ են հասնում կյանքի համար ամենաանհրաժեշտ՝ շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաները․ - «Տունը պաժառ էր ընկել, սպասեցինք մի ժամ, որ հրշեջ մեքենան գար: Բայց տան կեսը վառել էր արդեն: Էս ճանապարհով կինը եթե արդեն ծննդաբերության վերջին աստիճանի ա, զանգում ես սկոռի, մինչև հասնի էս ճանապարհներին, ի՞նչ կլինի․․․ Մենք էլ հայ մարդ ենք, ժողովուրդ ենք։ Շատ էլ որ փոքր գյուղ ա, էս փոքր գյուղից որ շատ եկամուտ չկա, ուշադրություն դարձնող էլ չկա»:

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ անձամբ դիմել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Ներկայացրել է, որ ճանապարհը ծայրահեղ վատ վիճակում է գտնվում և կարիք կա շտապ վերանորոգման. - «Մարզպետարանը ճանապարհների վերանորոգման համար ոչ մի լումա չի ստանում: Իսկ այդ ճանապարհը կարիք ունի հիմնավին վերանորոգման: Նախարարության հետ ես խոսել եմ, և ինձ հավաստիացրել են, որ ազատ միջոցների դեպքում հնարավորինս արագ կզբաղվեն էդ ճանապարհի վերանորոգման հարցով»:

Երեկ Վարդաբլուրի բնակիչները 70 կիլոմետր էին անցել, հասել Երևան՝ 2 կիլոմետր ճանապարհի հարցը բարձրացնելով նախ կառավարության, ապա նաև խորհրդարանի շենքի առջև։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ հաջորդ շաբաթ չափագրումներ կարվեն՝ հասկանալու, թե որքան գումար է անհրաժեշտ ճանապարհի վերանորոգման համար, և արդյո՞ք հնարավոր կլինի այս տարի այդ աշխատանքներն իրականացնել, թե՞ կնախատեսվի հաջորդ տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG