Եվրամիությունը և դաշինքի անդամ առաջատար պետությունները քննադատել են Թուրքիայի բարձրագույն ընտրական մարմնի որոշումը Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ՝ մարտի 31-ին անցկացված ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո:
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երեկ Թուրքիայի ընտրական մարմիններին կոչ է արել անհապաղ բացատրել որոշումը: Նա ընդգծել է, որ ժողովրդավարության համար անհրաժեշտ է ազատ, արդար և թափանցիկ ընտրական գործընթացներ ապահովելը:
Գերմանիան անհասկանալի է համարել որոշումը, իսկ Ֆրանսիան թուրքական իշխանություններին կոչ է արել հարգել ժողովրդավարության սկզբունքները:
Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որն ավելի վաղ Ստամբուլի ընտրված քաղաքապետ էր հռչակել ընդդիմության թեկնածուին, երկուշաբթի օրը բավարարել է իշխող ուժի պահանջը, կասկածի տակ դրել իր իսկ կողմից հաստատված` ընդդիմության ջախջախիչ հաղթանակը և կրկնակի քվեարկություն նշանակել հունիսի 23-ին: