Մատչելիության հղումներ

Ժողովուրդը նոր իշխանություններից արագ փոփոխություններ է սպասում. Հովհաննես Սահակյան


Հովհաննես Սահակյան, արխիվ
Հովհաննես Սահակյան, արխիվ

Ժողովուրդը նոր իշխանություններից արագ փոփոխություններ է սպասում, թեև նորօրյա իշխանությունները հայտարարում են, թե ժողովուրդը չի սպասում, չի ակնկալում իրենցից մեծ քայլերով, արագ փոփոխություններ, «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ ասաց նախկին իշխող՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանն՝ ամփոփելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման մեկ տարին։

Սահակյանի խոսքով՝ այդ սպասումները նոր իշխանություններն են ձևավորել և այդ սպասումները ձևավորելով են եկել իշխանության, իսկ հիմա պատասխանատվությունը գցում են ժողովրդի վրա։

«Կայծակնային արագությամբ փոփոխությունները տնտեսության մեջ, առօրյա կյանքը հասարակ քաղաքացին իր մաշկի վրա զգալը՝ էս սպասումները դուք եք ձևավորել, էս սպասումները ձևավորելով է, որ եկել եք իշխանության։ Ներդրումների մասին եք խոսել, որ «հերթ են կանգնած, թե երբ են ներդրում անելու», «եթե չլինեն արտահերթ ընտրություններ, վստահություն չկա, դրա համար ներդրում չեն անում»՝ էդ մտքերը դուք եք ասել, և եղավ հակասահմանադրական, իմ տեսակետից, ճնշումների ներքո հրաժարականներ և այլն, և եղան արտահերթ ընտրություններ։ Հիմա ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ «ժողովուրդը չի սպասում», հիմա կառավարությունն ասում ա՝ «ժողովրդին մենք չխանգարենք, իրենք կանենք»։ Հիմա ունենք 300 հազարից ավելի քաղաքացի, որոնք չեն ցանկանում աշխատել, միայն սուրճ են ուզում խմել, ունենք գլուխների մեջ աղքատությունը չհաղթահարած քաղաքացիներ՝ հիմա էս լոզունգներն ունենք, այն էլ պատասխանատվությունը միշտ գցում եք ժողովրդի վրա, ժողովուրդն է մեղավոր՝ գլուխների մեջ աղքատությունը հաղթահարեն...», - ասաց Սահակյանը։

«Սահակյանը խեղաթյուրված է նկարագրում վարչապետի հայտարարությունները»

Ռուբեն Ռուբինյան, արխիվ
Ռուբեն Ռուբինյան, արխիվ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց՝ նշելով, թե Սահակյանը խեղաթյուրված է նկարագրում վարչապետի հայտարարությունները։

«Դուք մեջբերեցիք, որ մենք ասում ենք՝ «աղքատությունը ժողովրդի մեղքն է», որ «մենք ժողովրդին չենք խանգարում...»: Ներկայիս «Իմ քայլը» խմբակցության և Կառավարության դիրքորոշումը հետևյալն է, որ Կառավարությունը պետք է ստեղծի պայմաններ ժողովրդի համար, տնտեսվարողների համար, սա անդրադառնում եմ Ձեր ասածին, որ ասում եք՝ «չխանգարել», ստեղծի պայմաններ, որպեսզի տեղի ունենա այն տնտեսական հեղափոխությունը, որի մասին մենք խոսում ենք։ Երբ որ վարչապետն ասում է, որ «աղքատությունը պետք է հաղթահարել մարդկանց ուղեղներում», դա ամենևին չի նշանակում պատասխանատվությունը գցել մարդկանց վրա, ամենևին չի նշանակում ասել, որ Կառավարությունն անելիք չունի, հակառակը՝ դա նշանակում է, որ եթե մենք ուզում ենք իրականացնել տնտեսական հեղափոխություն, եթե մենք ուզում ենք ունենալ տնտեսական աճ, այդ աճը պետք է լինի մասնակցային, այսինքն՝ ցանկացած քաղաքացի, ինչպես քաղաքական հեղափոխության ժամանակ, պետք է իր ներդրումն ունենա, իր քայլը կատարի, և այս գործընթացը լինի մասնակցային», - ասաց Ռուբինյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG