Մատչելիության հղումներ

Օպերային թատրոնի արտիստները կրկին դիմել են վարչապետին


Կոնստանտին Օրբելյան
Կոնստանտին Օրբելյան

Մոտ մեկ ամիս է անցել օրվանից, երբ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստները, նաև այլ թատրոնների ղեկավարներ, ռեժիսորներ ու դերասաններ Կառավարության շենքի մոտ բողոք ցույց արեցին ի պաշտպանություն օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանդին Օրբելյանի, որը հեռացվել էր թատրոնի տնօրենի պաշտոնավարումից Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով:

Այս աղմկահարույց պատմությունը փոքր-ինչ հանդարտվեց, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց թատերախմբի անդամներին և, ինչպես այսօր օպերային թատրոնում հրավիրած ասուլիսին հիշեցրեցրին թատերախմբի անդամները, խոստացավ իրեն սխալ փաստարկներ ներկայացրած պաշտոնյային պատժել՝ եթե թատերախումբը հիմնավորված հակափաստարկներ ներկայացնի:

Օպերային թատրոնի «Երիտասարդական ծրագրերի» ղեկավար Լևոն Ջավադյան․ - «Բայց ոչ մեկ չի պատժվել: Վարչապետի խոսքով, պետք է պատժվեր: Ասեց՝ եթե մի պունկտը չհամապատասխանի, պետք է պատժվի և հեռացվի աշխատանքից: Հանդիպեցինք պարոն վարչապետի հետ դեռևս ապրիլի 1-ին և ներկայացրեցինք մեր հակափաստարկները հաջորդ օրը: Արդեն անցել է մեկ ամսից ավել, մենք մի քիչ անհանգիստ ենք և սպասում ենք: Մենք երեկ նամակ ենք արդեն ուղարկել, որ ի վերջո հարցնենք, թե վերջը ինչ եղավ Օրբելյանի հարցը»:

Օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը հավելեց․ - «Մենք սպասել ենք: Բայց հիմա արդեն դիմել ենք նամակով պարոն վարչապետին: Բնականաբար, պարոն վարչապետի զբաղվածությունը շատ մեծ է․․․ խնդիրը մեղադրելու չէ, թե ինչու է ուշանում: Խնդիրն այն է, որպեսզի հարցը ճիշտ լուծվի: Մեր նպատակը մեկն է․ պարոն վարչապետին ներկայացնել ճշմարտությունը և օգնել նրան ճիշտ օրենքով ղեկավարվել, որովհետև նրան հասած տեղեկությունների մեծ մասը չեն համապատասխանում ճշմարտությանը»:

Լևոն Ջավադյանը հիշեցրեց, որ խնդրի լուծման համար ժամանակային որոշակի խոչընդոտ կա․ - «Մենք չենք պայմանավորվել ժամկետ, բայց կա այսպիսի մի հասկացողություն՝ ողջամիտ ժամկետներ: Կա այսպիսի մի բան․ երկու ամիս հետո պարոն Օրբելյանը չի կարող վերականգնվել, մենակ դատական կարգով կարող է վերականգնվել տնօրենի պաշտոնում»:

«Ազատության» հարցին, թե ինչ են պատրաստվում են անել առաջիկայում օպերային թատրոնի 600 հոգանոց կոլեկտիվի անդամները, Հարություն Արզումանյանը պատասխանեց․ - «Մենք չենք կարող ասել ինչ կլինի: Մեզ թվում ա, թե ամեն ինչ պետք է լավ լինի»:

Ջավադյանը հավելեց․ - «Իսկ այն ընթացքում, երբ որ երեք տարի նա կպաշտոնավարի, եթե նրան թույլ կտան, այդ ընթացքում, ես վստահ եմ, օրենքի փոփոխություններ կլինեն: Որովհետև մեծ մասը գիտեն, թե որտեղից է այդ օրենքը առաջացել և ինչ նպատակներով է առաջացել և ինչ նպատակով է այդպես սարքվել, որպեսզի տնօրենը նշանակի գեղարվեստական ղեկավար, որպեսզի կառավարվի գեղարվեստական ղեկավարը: Ինձ թվում է, մինչև այդ փոփոխություն կկատարվի և գեղարվեստական ղեկավարի դերը կբարձրանա»:

«Իհարկե, դրանք հին օրենքներ են, պետք է վերանան», - շարունակեց Արզումանյանը: - «Բայց դա ոչ մի ձևով չի առնչվում պարոն Օրբելյանի հետ: Երբ որ կա մի լոզունգ, որ օրենքները չի կարելի փոխել մեկ մարդու համար: Պարոն Օրբելյանը լրիվ օրինական է զբաղեցրել իր պաշտոնը: Թատրոնը միանձնյա պետք է ղեկավարվի: Մշակութային հեղափոխություն ասվածը սկսվեց մեր օպերային թատրոնից դեռևս նախկին վարչակազմի ժամանակ, երբ որ Օրբելյանին նշանակեցին: Հիմա փորձա՞նք ա, որ նախկին նախագահը հրավիրել է Հայաստան աշխարհահռչակ դիրիժոր և մշակութային գործիչ Կոնստանտին Օրբելյանին, որը որ առաջին օրվանից իր սեփական ներդրումներն անելով, կապերը օգտագործելով՝ հասավ նրան, որ մենք ունենք հիմա լեփ-լեցուն դահլիճներ»:

XS
SM
MD
LG