Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այսօր ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա: Սա Կաթոլիկ եկեղեցու հովվապետի առաջին այցն է առավելապես ուղղափառներով բնակեցված այս երկիր:
Մայրաքաղաք Սկոպյեի օդանավակայանում Պապին դիմավորել են վարչապետ Զորան Զաևը և նախագահ Գյորգե Իվանովը:
Ֆրանցիսկոսի մակեդոնական շրջագայության առանցքային կետերից մեկը լինելու է Մայր Թերեզայի հուշակոթողը: Մայր Թերեզա անվամբ հայտնի Ագնես Գոնջա Բոյաջիուն ծնունդով Սկոպյեից էր, սերում էր Մակեդոնիայի ներկայիս մայրաքաղաքում բնակվող կաթոլիկ ալբանացիների ընտանիքից: Մայր Թերեզան Կաթոլիկ եկեղեցու սրբերի թվին է դասվել 2016 թվականին` Պապ Ֆրանցիսկոսի նախաձեռնությամբ: