Մյանմայում (նախկին Բիրմա) ազատ են արձակվել Reuters գործակալության թղթակիցներ Վա Լոն և Սոե Օօն, որոնք ձերբակալվել էին 2017 թվականի դեկտեմբերին` դատապարտվելով յոթ տարվա ազատազրկման: Երկրի իշխանությունները լրագրողներին մեղադրում էին պետական գաղտնիքներ բացահայտելու համար:
Reuters-ի թղթակիցները հետաքննում էին Մյանմայի Ռախին նահանգում բնակվող մահմեդական ռոհինջա էթնիկ խմբի դեմ բռնություններում երկրի զինված ուժերի ներգրավվածության փաստերը: Լրագրողների ազատ արձակումը հնարավոր է դարձել բրիտանացի հայազգի գործիչ, աշխարհահռչակ վիրաբույժ լորդ Արա Վարդգես Դարզիի միջնորդական ջանքերի շնորհիվ:
«Կարծում եմ, որ սա շատ դրական քայլ է: Այն նոր էջ է բացում մեր հարաբերություններում և խրախուսում է երկխոսությունը: Բոլորն էլ, լինեն Մյանմայում թե Մյանմայի սահմաններից դուրս, ցանկանում են լուծել Ռախին նահանգում առկա խնդիրները: Եվ դրան հասնելու [լավագույն] միջոցը հենց երկխոսությունն է», - հայտարարում էր Դարզին Reuters-ին Մյանմայի խոշորագույն քաղաք Յանգոնում տված հարցազրույցում:
Արա Դարզին Մեծ Բրիտանիայի ամենահայտնի բժիշկներից մեկն է, նա զբաղեցնում է Լոնդոնի Կայսերական բժշկական քոլեջի վիրաբուժության ամբիոնի վարիչի պաշտոնը: 2007-2009 թվականներին Դարզին ընդգրկված է եղել Գորդոն Բրաունի լեյբորիստական կառավարության կազմում :Հեղինակել է նաև Լոնդոնի առողջապահական համակարգի բարեփոխման հայեցակարգը: