Մատչելիության հղումներ

Աբովյանում վստահ են, որ քաղաքապետի ընտրությունները թեժ են լինելու


Հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրն» (ՔՊ) առաջադրելու է կուսակցության  տարածքային կառույցի անդամ Գրիգոր Գուլյանի թեկնածությունը, ով նաև հաղթահարել է ներկուսակցական մրցակցությունը:

«Կուսակցական ակտիվը հինգ թեկնածուներ է ունեցել, որոնք կարող էին այդ պատասխանատվությունը ստանձնել», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նա ասաց, որ թեկնածուին առաջադրում է վարչությունը: Մինչդեռ հեղափոխությունից հետո, երբ ընտրություններ էին մարզկենտրոն Հրազդանում, կուսակցությունը նպատակահարմար չհամարեց սատարել ՔՊ անդամ Սևակ Միքայելյանին՝ կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդուն:

Պետրոսյանը նշեց, որ կուսակցության կողմից առաջադրումը ամենևին չի նշանակում, թե իշխող քաղաքական ուժը վարչական ռեսուրսը կօգտագործի իր թեկնածուի օգտին․ - «Վարչական ռեսուրսի որևէ կիրառման դեպք չենք ունենալու: Ես բացառում եմ, ես նաև դրա երաշխավորն եմ մարզում»:

ՔՊ-ից չեն հերքում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տարիներ շարունակ մարզում մեծ ազդեցություն է ունեցել: Դա, ըստ նրանց, ամենևին էլ չի թուլացնի իրենց հաղթանակի հնարավորությունը մարզում: Հիշեցնում են խորհրդարանական ընտրությունները, երբ կոտայքում հաղթանակ տոնեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքը:

«Իմ ռեյտինգային ձայներով էլ ես Աբովյանում առաջին տեղում էի: Եվ իմ ռեյտինգային ձայները ավելի էին, քան ամբողջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայները միասին վերցրած», - հիշեցրեց Ռոմանոս Պետրոսյանը:

Իր հաղթանակի հնարավորությունները բարձր է գնահատում նաև Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ում նախորդ ընտրություններին սատարում էր ԲՀԿ-ը, իսկ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանը նրա նախընտրական շտաբի անդամ էր:

«Երբևիցե որևէ կուսակցության անդամ չեմ եղել և այժմ էլ առաջադրվում եմ որպես անկուսակցական թեկնածու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգյանը:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն այդուհանդերձ սատարում է իրեն, Գևորգյանն արձագանքեց․ - «Համենայն դեպս պաշտոնական հայտարարություն չի արել: Տեղյակ չեմ: Բայց մի գաղտնիք էլ բացահայտեմ․ երբ 2015 թվականին ես առաջադրվում էի, իմ թեկնածությունը պաշտպանեցին քաղաքական դաշտում գործող բոլոր քաղաքական կուսակցությունները: Հիմա որևէ քաղաքական ուժի հետ քննարկումներ ու պայմանավորվածություններ չունենք»:

ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանը հույս է հայտնում, որ ընտրությունների արդյունքում հեղափոխությունը վերջնականապես կհաստատվի նաև Աբովյանում: Նա, ի դեպ, 2018-ից Կոտայքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն է:

«Բոլոր ժամանակներում եթե վերցնենք, մեր մարզում իշխող կուսակցությունը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Չեմ ուզում անձնավորել իմ կուսակցական պատկանելության հետ կապված, [բայց] իհարկե իմ ընտրվելու կապակցությամբ ես բոլոր ջանքերը գործադրելու եմ կառավարություն - համայնք փոխհամագործակցության միջոցով այն ծրագրերը, որ պետք է իրականացնեն Աբովյան քաղաքում, որը որ այսօր ես չեմ տեսնում, որը որ այդ մեծ պոտենցիալը ունի Աբովյան համայնքը իր ունեցած բյուջեով, ես դա իրականացնելու եմ կառավարություն - համայնք փոխհամագործակցության միջոցով»:

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով, Աբովյանում այսօր բազմաթիվ են չլուծված խնդիրները, որոնց պատճառը նաև այն է, որ քաղաքում իշխում են հին քաղաքական մշակույթի կրողները:

Իր հասցեին հնչող նման գնահատականները գործող քաղաքապետը որակում է որպես առաջիկա ընտրություններից առաջ իր վարկանիշի վրա ազդելու անօգուտ փորձեր․ - «Ասել, որ նախկինում ինչ-որ քաղաքական ուժ եթե քեզ պաշտպանել ա, ուրեմն դու նախկին քաղաքական մշակույթի կրողն ես, դա ուղղակի աբսուրդ է: Որովհետև ես գոնե իմ անցած ճանապարհին աշխատել եմ բոլոր քաղաքական ուժերի հետ: Ասում են՝ սաբոտաժ անել, ինչ-որ ծրագրեր չիրականացնել, դա ակնհայտ զրպարտանք ա»:

Չնայած պաշտոնական քարոզարշավը մեկնարկում է մայիսի 22-ից, քաղաքում արդեն կան թեկնածուների ընտրական շտաբներ, փակցված նախընտրական պաստառներ, այդ թվում՝ իշխող կուսակցության թեկնածուի:

Աբովյանում վստահ են, որ առաջիկա ընտրությունները թեժ են լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG