Մատչելիության հղումներ

Ծառուկյանը պատասխանել է Միրզոյանին


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում խորհրդարանում, հունվար, 2019թ․

Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ իր հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չի զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չի մասնակցում: Այդ մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդը և խորհրդարանական խմբակցության ղեկավարը գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված իր պատասխանում:

ԱԺ նախագահն անցած շաբաթ իր գրությամբ մտահոգություն էր արտահայտել ԲՀԿ առաջնորդի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին վերջին օրերին բարձրացված հարցի վերաբերյալ և հորդորել հրապարակային պարզաբանումներ ներկայացնել:

Ծառուկյանն իր պատասխանում, որը տարածել է ԲՀԿ առաջնորդի խոսնակը, ներկայացնում է փաստեր՝ հույս հայտնելով, որ դրանք լիովին կփարատեն բոլոր տեսակի կասկածներն ու մտահոգությունները:

«Պատգամավորի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքի օրենսդրական ամրագրման պահից առևտրային կազմակերպություններում ունեցածս բաժնեմասերը հանձնել եմ հավատարմագրային կառավարման («ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջ): Ներկայումս նույնպես իմ բաժնեմասերը գտնվում են հավատարմագրային կառավարման ներքո (հավատարմագրային կառավարման վերջին պայմանագիրը կնքել եմ 2017 թվականի մայիսի 20-ին՝ 5 տարի ժամկետով): Նկատենք, որ գույքը (գույքային իրավունքը) հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցման (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 954-րդ հոդվածներ), իսկ հավատարմագրային կառավարիչը պարտավոր է գույքի կառավարումն իրականացնել ի շահ հիմնադրի», - մասնավորապես գրել է ԲՀԿ առաջնորդը:

«Իմ հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չեմ զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չեմ մասնակցում: Հետևաբար՝ անհամաձայնությունս եմ հայտնում բարձրացված խնդրի առնչությամբ «արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ» ձևակերպմամբ տրված Ձեր գնահատականներին, ինչպես նաև՝ հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկությունը «քողարկված մեխանիզմներով» փաստացի անմիջական կառավարելու Ձեր ակնարկին», - հայտարարում է Գագիկ Ծառուկյանը՝ պնդելով, որ բարձրացված խնդիրն արհեստածին է, նպատակ ունի առնվազն ստվեր գցել իր հեղինակության ու համբավի վրա:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG