Մատչելիության հղումներ

Իրենց այսօր ռուսաստանամետ դիրքավորող խմբերն են լինելու հայ-ռուսական հարաբերությունների տապանաքարը գցողը. քաղաքագետ


Հակոբ Բադալյան, Ստյոպա Սաֆարյան
Հակոբ Բադալյան, Ստյոպա Սաֆարյան

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հայտնվել են շատ բաց դաշտում՝ խնդիրներով հանդերձ, որոնց մասին պետք է խոսել, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, միևնույն ժամանակ մտահոգություն հայտնելով՝ այսօր իրենց ռուսաստանամետ դիրքավորող խմբերն են լինելու հայ-ռուսական հարաբերությունների տապանաքարը գցողը։

«Հայ-ռուսական հարաբերություններում տեղավորված смотрящий-ները, որոնց ժամանակ առ ժամանակ փոխում էին Մոսկվայում, կլիներ դա Արա Աբրահամյանը, կլիներ Սամվել Կարապետյանը, էդ բոլոր смотрящий-ները դուրս են թռել։ Հիմա հայ-ռուսական հարաբերություններն, իսկապես Փաշինյանը ճիշտ է ասում, ամեն ինչն է հայտնվել լուսարձակների տակ՝ շատ բաց դաշտում՝ խնդիրներով հանդերձ, որոնց մասին պիտի խոսել։ Չի կարելի պատերի տակ ուրիշ բան ասել, հրապարակավ ուրիշ բան անել, ուրիշ բան խոստանալ, հետո չկարողանալ խոստացածն անել, հետո գալ սեփական հասարակության առաջ ուրիշ կերպ պահել, և գիտեք, իմ մտահոգությունն ուրիշ դաշտում է՝ այսօր այդ նույն խմբերը, որոնք իրենց դիրքավորում են որպես ռուսաստանամետ, ես կարող եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունների տապանաքարը գցողը նրանք են լինելու», - ասաց Սաֆարյանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ընդգծեց՝ եթե նորից այդ խմբերն ակտիվանան հայ-ռուսական հարաբերության տիրույթում և ստանձնեն «պահապան հրեշտակի» դերը, դրանք ընդամենը բերելու են նախկին խնդիրներին։

«Էդ բոլոր շրջանակներն ասում էին՝ էս ի՞նչ եք ասում, հակառուսականություն է, Ռուսաստանին բան եք ասում, Սերժ Սարգսյանին ոչինչ չեք ասում, Ռուսաստանին եք ասում, պահպանում էին, այսպես ասած, հայ-ռուսական հարաբերության էն ոգին և էն բնույթը, որը հասցրեց պատերազմի։ Եվ, բարեբախտաբար, մեր բանակը և հասարակությունը, կամավորական ջանքով, կանխեց Հայաստանի ինքնիշխանության այդ վերջին թելը կտրելը։ Եվ այս տեսանկյունից, եթե նորից էդ խմբերն ակտիվանալու են հայ-ռուսական հարաբերության տիրույթում և ստանձնելու են պահապան հրեշտակի դերը, դրանք ընդամենը բերելու են նախկին խնդիրներին, ոչ միայն իշխանության թուլացման, այլև ինքնիշխանության թուլացման, հարաբերության խնդիրների», - ասաց Բադալյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG