Մատչելիության հղումներ

Հեյդար Ալիևի երբեմնի մերձավոր զինակիցը Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմաշունչ հռետորաբանությունից


Ադրբեջան - Նախկին նախարար Ալի Ինսանովը դուրս է եկել բանտից, 17-ը մարտի, 2019թ․
Ադրբեջան - Նախկին նախարար Ալի Ինսանովը դուրս է եկել բանտից, 17-ը մարտի, 2019թ․

Հեյդար Ալիևի երբեմնի մերձավոր զինակից, Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալի Ինսանովը կոչ է անում պաշտոնական Բաքվին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությանից և գործուն քայլեր ձեռնարկել հայերի հետ հաշտության եզրեր գտնելու ուղղությամբ:

Ինսանովն այս մասին հայտարեց անցած շաբաթավերջին «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում: Սա նրա առաջին շփումն էր լրագրողների հետ բանտից դուրս գալուց հետո, որտեղ նախկին նախարարը Իլհամ Ալիևի դեմ հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով 14 տարի էր անցկացրել:

«Մենք պետք է վերջ տանք ռազմատենչ հռետորաբանությանը: Երկու ժողովուրդները մեղավոր չեն, որ հակամարտությունը նման սուր բնույթ է ստացել: Հարկավոր է հաշտության գնալ: Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, այդ իսկ պատճառով Ադրբեջանը պետք է հանդես գա որպես վստահելի գործընկեր: Այսօր, սակայն, միջազգային հանրությունը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում Ադրբեջանին չի վստահում», - նշում էր Ինսանովը:

1993-ից մինչև 2005 թվականները Ադրբեջանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ինսանովը ծնունդով Բագրատաշենից է: Հեյդար Ալիևի իշխանության տարիներին նա համարվում էր Հայաստանից սերող ադրբեջանցիների ոչ ֆորմալ առաջնորդը: «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Ինսանովը նույնիսկ չէր թաքցնում, որ մինչ օրս հայերենը չի մոռացել:

«Հայերը այսպիսի մի ասացվածք ունեն`«Որտեղ հաց, էնտեղ կաց»: Դա նշանակում է, որ մենք Ղարաբաղի հայերի համար այնպիսի պայմաններ պետք է ստեղծենք, այնպիսի բաց, ժողովրդավարական հասարակություն պետք է կառուցենք, որ Ղարաբաղում բնակվող մեր հայազգի քաղաքացիները իրենք ցանկանան մնալ Ադրբեջանի կազմում», - հայտարարում էր Ալի Ինսանովը:

Ադրբեջանցի գործիչը նաև հերքում է իրեն առավել հաճախ հասցեագրվող այն մեղադրանքը, թե պաշտոնավարման ընթացքում հովանավորել է բացառապես Հայաստանում ծնված ադրբեջանցիներին` ձևավորելով այսպես կոչված «Հայաստանյան կլանը»:

«Ես երբեք չեմ թաքցրել, որ ծնունդով հայաստանցի եմ: Որևէ մեկը չպետք է թաքցնի իր ծագումը: Բայց իմ շուրջ միայն հայաստանցիներ չէ, որ հավաքվել էին: Կային բաքվեցիներ, Լենքորանում ծնվածներ: Ես նպաստել եմ շուրջ 50 գիտնականների մասնագիտական աճին, որոնցից միայն հինգը կամ վեցն էին Հայաստանից: Ինչ վերաբերում է ռեգիոնալիզմին, ապա դա, իմ կարծիքով, ուղղակի հիվանդություն է», - նշում էր Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը ազատության մեջ տրված առաջին հարցազրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG