Մատչելիության հղումներ

Ղարաբաղում զինծառայող է վիրավորվել. վիճակը ծայրահեղ ծանր է


ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Այսօր՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998 թվականին ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը, տեղեկացնում է ԼՂ ՊՆ պաշտոնական կայքէջը:

Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ կա երկու վիրավոր, մեկը՝ Ղարաբաղում, մյուսը՝ Տավուշում վիրավորված Արգիշտի Սեփխանյանն է։

«Ազատություն». - Պարոն Հովհաննիսյան, վերջին շրջանում լարվածություն է նկատվում հայ-ադրբեջանական շփման գծում, ինչո՞վ է սա պայմանավորված, նաև ունենք վիրավոր հակառակորդի կողմից, ով ծանր վիճակում տեղափոխվել էր Երևան, ի՞նչ է ընդհանրապես տեղի ունենում սահմանին։

Արծրուն Հովհաննիսյան. – Որոշակի փոփոխություն կա իրավիճակի։ Ես էդպես լարվածության վարկածը չէի դնի, որովհետև մենք տեսել ենք ավելի լարված իրավիճակներ, բայց համեմատաբար նախորդ շրջանի հանգստի համեմատ, այո, որոշակի կրակոցները շատացել են, ունենք վիրավորներ։ Կարող եմ ասել, որ հետևում ենք ամեն ինչին, որպես Զինված ուժեր՝ և՛ դրանց, և՛ զորավարժություններին, և՛ սահմանին տեղի ունեցող ցանկացած իրադարձության, և հակառակորդի ոչ մի գործողություն անպատասխան չի մնում։

«Ազատություն». - Պարոն Հովհաննիսյան, ասացիք վիրավորներ, քանի՞ վիրավորի մասին է խոսքը։

Հովհաննիսյան. – Այս պահին երկու։

«Ազատություն». – Երկուսն էլ վերջին օրերի ընթացքո՞ւմ են վիրավորում ստացել։

Հովհաննիսյան. – Այո։

«Ազատություն». – Մեկը հայտնի է՝ Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող 32-ամյա Սեփխանյանն էր, իսկ մյո՞ւսը, ո՞ւմ մասին է խոսքը։

Հովհաննիսյան. – Մյուսը Արցախում է տեղի ունեցել, և կհայտնեն կարծում եմ ժամանակի ընթացքում։

«Ազատություն». – Բայց երկուսի կյանքին էլ վտանգ չի՞ սպառնում։

Հովհաննիսյան. – Այս պահին, չէ, չի սպառնում վտանգ։ Եթե սովորաբար այդպիսի աստիճան է լինում, անմիջապես ենք հայտնում։

«Ազատություն». – Մտահոգիչ է ստեղծված իրավիճակը, և այդ իսկ պատճառով նաև Պաշտպանության նախարարը հարցը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում, Արցախում էլ իրավիճակը կարծես լարված է։

Հովհաննիսյան. – Չէ, ես չէի ասի, ոչ լարված է այդ աստիճան, ոնց որ Դուք եք ասում, ոչ էլ աստիճանը մտահոգիչ է։ Չէի ասի։ Էլի եմ ասում՝ մենք տեսել ենք ավելի լարված։

«Ազատություն». – Լարվածությունը նախորդ ժամանակաշրջանի համեմատ։

Հովհաննսիայն. – Ավելի մտահոգիչ փուլեր ենք տեսել։ Միգուցե հասարակությունը հիմա ինչ-որ ընտելացել էր՝ համեմատաբար հանգիստ է, միգուցե չէին մտածում, որ դա կարող է երկար տևել, բայց մենք հակառակորդին լավ ենք ճանաչում, նրա խոսքի արժեքն էլ լավ գիտենք։

«Ազատություն». – Որովհետև ղարաբաղյան Պաշտպանական բանակը, Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ, օրինակ, դիպուկահարները կրակ են բացել նաև զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ և վնասել թափքը, այսինքն՝ նաև այսօրինակ գործողությունների է հասել հակառակորդը։

Հովհաննսիայն. – Ցավոք, դա հասարակության մեջ մի քիչ այլ կերպ է հնչում։ Մեր՝ զինվորականներիս համար, որ շատ բան ենք տեսել ու հակառակորդի գործողությունների այլ բնույթին ենք ծանոթ, էդքան էլ այդպես չի ընկալվում էլի՝ հացի մեքենայի վրա կրակել կամ ընդհանրապես մեքենաների վրա կրակել։

«Ազատություն». – Իսկ ի՞նչ եք կարծում, կա՞ն որոշակի նախադրյալներ, որ կարող է է՛լ ավելի ակտիվացնել, սրել իրավիճակը Ադրբեջանը։

Հովհաննիսյան. – Չեմ կարող ասել ոչինչ։ Չեմ բացառում, ամեն դեպքում, հակառակորդի գործողությունների տրամաբանության, շեշտակի տրամադրությունների փոփոխություններին վաղուց ընտելացել ենք և գիտենք, որ ոչ մի պայմանավորվածություն իրենց համար գրոշ չարժի, ամեն ինչ էլ կարող են խախտել։

«Ազատություն». - Իսկ դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը, թե ի՞նչ փոխվեց։ Ի վերջո կար այդ համեմատաբար այսպես հանդարտությունը սահմանին, ինչի մասին նաև պարբերաբար խոսում էին ղեկավարները։

Հարությունյան. – Միգուցե և ունեմ, բայց դա իմ իրավասություններից դուրս է՝ փորձել ամբողջական գնահատական տալ, թե ինչը դրդեց գործողությունների բնույթը փոխել։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց:

Արցախի Պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացրել է, որ վերջերս ադրբեջացի դիպուկահարները կրակ էին բացել Ակնայի հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG