Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի զենքերը առգրավված են․ փաստաբան


Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանները դատարանից պահանջում են անօրինական ճանաչել նախաքննական մարմնի որոշումը Ռոբերտ Քոչարյանի ողջ գույքը կալանքի տակ դնելու մասին։

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դեռ ամիսներ առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապապալելու մեղադրանք առաջադրվեց, Հատուկ քննչական ծառայությունը կալանքի տակ դրեց նրա ողջ ունեցվածքը՝ երեք միավոր գույք և գումար՝ բանկային հաշիվներով:

Թե որքան գումար՝ Խուդոյանը տեղյակ չէ․ - «Դրանք ընդամենը գույքային միավորներ են, իրականում նույն հասցեում գտնվող՝ առանձնատունը, շրջակա հողակտորներ: Այդ գույքը ընդհանրապես չի գնահատվել: Վարույթն իրականացնող մարմինը ունի պարտականություն գույքը գնահատելու, որպես հասկանա՝ գույքը բավարարո՞ւմ է կալանքի նպատակներին, թե՞ ոչ: Իրենք չեն գնահատել: Դրա համար բոլոր այս պատճառաբանությունները ես համարում եմ ձևական»:

Դատարանում Քոչարյանի փաստաբանը պնդեց, թե սահմանադրական կարգը տապալելու հոդվածը գույքը կալանքի տակ առնելու պահանջ չունի, բայց նախաքննական մարմինը գնացել է այդ քայլին․ - «Որոշումը միանշանակ անօրինական է եղել: Տեսեք ինչպես են իրենք մեկնաբանում: Քրեական դատավարության օրենսգիրքը նշում է՝ եթե կալանք ես դնում գույքի վրա դատական ծախսերի կամ քաղաքացիական հայցի բավարարման ծախսերի համար, դու պետք է հստակ չափը նշես, թե ինչքան դատական ծախսեր են և ինչքան քաղաքացիական հայց է: Որևէ այլ նշում չկա էդ օրենքի մեջ: Այսինքն՝ հստակ պահանջ է: Դատախազությունը մեկնաբանում է հետևյալ կերպ օրենքը․ եթե ես չեմ կարողանում որոշել այդ գույքի արժեքը, ես կարող եմ կալանքը ամբողջ գույքի վրա դնել»:

Մինչդեռ դատախազ Պետրոս Պետրոսյանը պնդեց, որ կալանքի տակ են առել Քոչարյանի գույքն ու դրամական միջոցները օրենքի պահանջով։

Ըստ նրա, դա արել են հնարավոր քաղաքացիական հայցերի և դատական ծախսերի ապահովման համար․ - «Մենք գնահատել ենք գործի քննության այս փուլում, երբ արդեն նախաքննությունն ավարտված է և գործը գնացել է դատարան: Մենք գույքի վրա կալանք դնելու իրավաչափությունը այս պահին գնահատում ենք գույքի հնարավոր բռնագրավման և բռնագանձման ինստիտուտի ապահովման տեսանկյունից»:

Փաստաբան Խուդոյանը հայտարարեց, որ գույքի վրա կալանք սահմանելու դեմ բողոքից բացի, վիճարկում են նաև Քոչարյանի բնակարանից տարբեր իրեր առգրավելու փաստը։ Լրագրողների հետ զրույցում փաստաբանը պնդեց՝ Քոչարյանի առանձնատունը խուզարկելիս առգրավվել են տարբեր ապրանքներ՝ այդ թվում նրան պատկանող զենքերը, ինչպես նաև երկրորդ նախագահի բնակարանի աշխատասենյակի չհրկիզվող պահարանից առգրավել են 27.000 դոլար։

«Ազատության» հարցին, թե ինչպես է Քոչարյանը վճարում իր մեծ փաստաբանական խմբին, եթե նա զրկված է դրամական միջոցներից, Խուդոյանը պատասխանեց. - «Դրա վերաբերյալ մենք քննիչին ներկայացրել ենք միջնորդություն: Խոսքը ոչ թե Հայաստանում գտնվող փաստաբաններին էր վերաբերվում, այլ այն պրոցեսից սկսած, երբ որ սկսեց ներկայացնել բողոքներ եվրոպական դատարան, մենք ներգրավեցինք նաև օտարերկրացի փաստաբանների, այդ թվում՝ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից: Ինչպես նաև անհրաժեշտություն առաջացավ այդ անձանց համար գործի նյութերի թարգմանված տարբերակը ներկայացնել: Քննիչին միջնորդել ենք նախկինում, որպեսզի գործի նյութերը թարգմանեն վարույթն իրականացնող մարմնի ուժերով: Քննիչը այդ միջնորդությունը մերժել էր»:

«Ազատության» հարցին, թե ինչպես է Քոչարյանը վճարում տեղացի փաստաբաններին, Խուդոյանն արձագանքեց․ - «Դա մեր անձնական խնդիրն ա, մենք այդտեղ ինչ-որ հարց չենք տեսնում»:

Նախաքննական մարմինը ավելի վաղ արգելանք էր դրել նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավուքնների պաշտպանի միջամտությամբ հանվել էր:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 6-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG