Մատչելիության հղումներ

Աֆղանստանի նախագահը պատրաստ է բանակցել թալիբների հետ


Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ելույթ է ունեցել Լոյա Ջիրգայում, Քաբուլ, 3 մայիսի, 2019թ.
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ելույթ է ունեցել Լոյա Ջիրգայում, Քաբուլ, 3 մայիսի, 2019թ.

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին այսօր հայտարարել է, թե պատրաստ է ուղիղ բանակցություններ անցկացնել Թալիբանի շարժման պատվիրակների հետ:

«Եթե թալիբները պատրաստ են հրադադարի, մենք կարող ենք քննարկել դրա իրականացման տեխնիկական հարցերը»,- ասել է նախագահ Ղանին:

Աֆղանստանում իսլամի օրենքներ հաստատելու նպատակ հետապնդող թալիբները նախկինում հրաժարվել են բանակցություններից և Ղանիին անվանել են «ամերիկացիների խամաճիկ»:

Թալիբները հրաժարվել են նաև մասնակցել Լոյա Ջիրգայի (Մեծ ժողովի) նիստին, որին ներկա էին ավելի քան 3200 կրոնական և քաղաքական առաջնորդներ երկրի տարբեր շրջաններից:

Լոյա Ջիրգան իշխանությանն ու զինյալ ընդդիմությանը հորդորել է բանակցել և հրադադար հաստատել մահմեդականների համար սուրբ ամիս Ռամադանին ընդառաջ:

«Վկայելով մեր հարգանքը Լոյա Ջիրգայի և Ռամադանի նկատմամբ, մենք որոշել ենք որպես բարի կամքի դրսևորում բանտերից ազատել 175 թալիբ զինյալներին»,- հայտնել է նախագահ Ղանին:

Քաբուլից ստացված վերջին հաղորդագրության համաձայն, թալիբները վերստին մերժել են մայիսի 6-ից հրադադար հայտարարելու առաջարկը:

«Սուրբ ամսվա ընթացքում սրբազան պատերազմ մղելն ավելի շատ սրբազան պարգևներ է շնորհում»,- հայտարարել են թալիբները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG