Մատչելիության հղումներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պնդում է, որ ոլորտում համակարգային կոռուպցիա չկա


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախագար Զարուհի Բաթոյան

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և խափանել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի աշխատակիցները:

Մասնավորապես, ԱԱԾ-ի փոխանցմամբ, գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մ. Մ․-ն և նույն հանձնաժողովի անդամները, գալով նախնական համաձայնության՝ քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու, տևողության ժամկետները սահմանելու և քաղաքացիների օգտին այլ նախընտրելի որոշումներ կայացնելու դիմաց, 2018-ի դեկտեմբերից մինչև 2019-ի ապրիլը, տասնյակ անձանցից պահանջել և որպես խոշոր չափերով կաշառք ստացել են ընդհանուր առմամբ 645 հազար դրամ գումար՝ յուրաքանչյուր քաղաքացուց 20-55 հազարական դրամ:

Հարուցվել է քրեական գործ՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու հոդվածով»: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Կատարվում է նախաքննություն:

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ղեկավարի պաշտոնակատար Նունե Շահվերդյանն «Ազատության» հետ զրուցում խստորեն դատապարտեց տեղի ունեցածը՝ վստահեցնելով, որ ընդամենը մեկ ամիս առաջ են զգուշացրել իր ղեկավարած կառույցի աշխատակիցներին՝ անգամ 10 հազար դրամ կաշառք վերցնողը խստորեն պատժվելու է․ - «Ինձ առաջին գործակարգավարական խորհրդակցությանը ասել են՝ բացառեք որևէ կոռուպցիոն երևույթ, դուք իմացեք, որ ամենադաժան ձևով պատժվելու եք: Եվ դա խրոնիկ բնույթ ա կրել ամեն անգամ նախազգուշացումները, որ նման որևէ բացասական երևույթ տեղ չգտնի: Մարդիկ հավանաբար լավ չեն հասկացել: Ընդամենը մեկ ամիս առաջ դարձյալ խորհրդակցություն արվեց, ես դարձյալ ահազանգեցի, որ տեսեք, կրակի հետ չխաղաք: Առաջին փոխնախարարը նույնպես խորհրդակցություն արեց և ասեց, որ նույնիսկ 10 հազար դրամի համար ամենախիստ ձևով իրենք պատժվելու են: Բայց ինչպես տեսնում եք, կան մարդիկ, որոնք լավ չեն ընկալել ղեկավարության հանձնարարականը»:

Հարցին, թե, իր կարծիքով, ինչու Լոռու մարզի վերոհիշյալ աշխատակիցները եզրահանգումներ չեն արել այդ նախագզուշացումներից, Շահվերդյանն արձագանքեց․ - «Ես այնքան անակնկալի եկած եմ: Այդ հարցի պատասխանը միայն իրենք կարող են տալ: Ենթադրում եմ, բայց խնդրում եմ ճիշտ ընկալել իմ խոսքերը: Չեմ արդարացնում միանշանակ, որովհետև խորհրդակցության ժամանակ հնչել ա այսպիսի նախադասություն իմ կողմից՝ եթե ես ապրում եմ աշխատավարձով, ուրեմն դուք նույնպես պատրաստ եք ապրել աշխատավարձով: Համաձայն չե՞ք՝ ուրեմն դուրս եկեք: Բայց ես կարծում եմ, գործոններից մեկը չափազանց ցածր աշխատավարձն է․ հանձնաժողովի նախագահը ստանում է 133 հազար դրամ աշխատավարձ, հանձնաժողովի անդամները՝ 130 հազար դրամ: Բայց, իհարկե, ես չեմ արդարացնում: Դուք էլ, կարծում եմ, կհամաձայնեք․ բարձրագույն կրթությամբ բժշկին վարձատրել 130 հազար դրամ, դա առնվազն զավեշտ է»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն «Ազատության» հետ զրույցում նշեց , որ կարևոր է համարում ԱԱԾ գործողություններն ու դրանց հրապարակայնացումը:

Բաթոյանը շեշտեց, թե ոլորտում համակարգային կոռուպցիա չկա, այդօրինակ երևույթները չեն հովանավորվում ղեկավար կազմի կողմից: Իսկ ստորին օղակներում առկա կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր են նաև քաղաքացիների ահազանգերը, և, Բաթոյանի փոխանցմամբ, իրենք թեժ գծով դիմումներ ստանում են, որ այս կամ այն գործակալությունում խնդիրներ կան: Նախարարությունն այդ դիմումները ուղարկում է իրավապահ մարմիններին:

Հարցին, թե կարելի է ասել, որ այս համակարգում կոռուպցիան դեռևս վերացված չէ, նախարարը պատասխանեց․ - «Եթե կա էս կոռուպցիան, այո, և եթե կան այդ գործով խնդիրներ, ձերբակալվածներ և կլինեն մեղադրյալներ, այս իմաստով, այո, պիտի նշենք, որ էս խնդիրները կան: Ես խոսում եմ համակարգային, հովանավորչությամբ իրականացվող կոռուպցիոն սխեմաների մասին, որովհետև նաև մենք տեղյակ ենք, որ շատ երկար ժամանակ դա նաև ավելի բարձր մակարդակներում աջակցություն է ստացել»:

Հարցին, թե արդյոք ինքը պնդում է, որ ղեկավար օղակներում և՛ նախարարության, և՛ այս գործակալության կոռուպցիա չկա, ու եթե կա՝ դրանք ստորին օղակներում են, Զարուհի Բաթոյանը պատասխանեց․ - «Այո: Այս պահին մեր ունեցած տվյալներով, և ինչպես որ ցույց են տալիս տվյալ դեպքերը, դրանք էդպիսին են»:

Անդրադառնալով այն խնդրին, որ համակարգի աշխատողները, տվյալ դեպքում Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովի նախագահը 133 հազար դրամ աշխատավարձ է ստանում, և գուցե նաև դա է պատճառը, որ մարդիկ չեն դիմանում գայթակղությանը և կաշառք են վերցնում, նախարարն ասաց, որ համաձայն չէ այդ մոտեցման հետ՝ նշելով, որ դա արդարացում չէ, այդ նույն համակարգում կան ավելի ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիներ, որոնք կոռուպցիայից հեռու են մնում։ Պատճառներից մեկը, որ համակարգում կոռուպցիան չի վերանում, ըստ Բաթոյանի, հիմնականում կարող է լինել նաև իներցիան, տարիներ շարունակ այդ ոլորտում կոռոպիցան եղել է և ավելին՝ հովանավորվել է ամենաբարձր օղակների կողմից:

Հիշեցնենք, դեռևս 2016-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանին: Ըստ ԱԱԾ-ի, գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել էր հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2 միլիոն 547 հազար ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար:

Արմեն Սողոյանի գործով դատաքննությունը դեռևս չի ավարտվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG