Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավարը պարարտանյութերի հետ կապված չարաշահումների համար 5 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել՝ նաև 2 տարով զրկվելով տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Դատախազության այսօրվա հաղորդագրության համաձայն, ապրիլի 25-ին կայացրած նույն դատավճռով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ բավարարել է նաև մարզի դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ որոշելով Լ․ Դ․-ից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 5 միլիոն 139 հազար դրամի չափով գումար՝ որպես հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված վնաս։
Դատաքննությամբ հիմնավորվել է, որ պետական աջակցության ծրագրի շրջանակում 2015 թվականի փետրվարին Լոռու մարզպետարանի և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի միջև կնքվել է մատակարարման պայմանագիր, որի շրջանակում Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. Դ.-ն, «նպատակ ունենալով յուրացման եղանակով հափշտակել իրեն վստահված և համայնքի հողօգտագործողներին հատկացման ենթակա պարարտանյութը, կազմել և մարզպետարան է ներկայացրել 2015թ. գյուղատնտեսական աշխատանքների համար ՀՀ Լոռու մարզի Միխայլովկա համայնքում մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր գնած շահառուների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակ, որում ձևականորեն ներառվել են թվով 94 շահառուների վերաբերյալ տեղեկություններ»: «Այնուհետ Լոռու մարզպետի կողմից հաստատված չափաքանակի համաձայն՝ նույն թվականին ստացել է ընդհանուր 11.274.000 ՀՀ դրամ արժողությամբ 93.950 կգ պարարտանյութ, որի դիմաց 2015թ. մարտի 20-ին իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Լոռու մարզի Կաթնառատ համայնքի ղեկավար Ռ. Ղ.-ի միջոցով «Արդշինբանկ» ՓԲԸ Վանաձոր քաղաքի մասնաճյուղում բացված «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի հաշվեհամարին, որպես ստացած պարարտանյութի դիմաց կանխավճար, փոխանցել է 3.000.000 ՀՀ դրամ: Իսկ առանձնապես խոշոր չափերի՝ 7.864.000 ՀՀ դրամ արժողությամբ 65.530 կգ քաշով պարարտանյութը ցուցակում ընդգրկված հողօգտագործողներին չի հատկացրել կամ մասամբ է հատկացրել և օգտագործել է սեփական կարիքները հոգալու, իր կողմից մշակվող հողերը պարարտացնելու նպատակով: Մի մասն էլ համայնքի ղեկավարը հատկացրել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց՝ Լոռու մարզի Կաթնառատ և Սարատովկա համայնքների ղեկավարներին: Այդ կերպ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նրա կողմից յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի պարարտանյութը», - ասված է դատախազության հաղորդագրությունում:
Արդյունքում, 2015-ի ընթացքում Լ. Դ.-ի կողմից հափշտակվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 7 միլիոն 914 հազար դրամի պարարտանյութը և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարները: Հափշտակության հանգամանքը թաքցնելու դրդումներով Լ.Դ.-ն 2017թ. ընթացքում կազմել և Լոռու մարզպետարան է ներկայացրել համայնքի՝ ազոտական պարարտանյութ ստացողների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակներ, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել՝ համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ ստանալու, դրա դիմաց վճարումներ չկատարելու և պարարտանյութի գծով պարտքեր ունենալու վերաբերյալ, շարունակում է դատախազությունը:
Լ. Դ.-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «յուրացնելը՝ առանձնապես խոշոր չափերով», և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիքը», խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննության ընթացքում նա մասնակիորեն վերականգնել էր պետությանը պատճառված վնասը՝ պատրաստակամություն հայտնելով մինչև դատաքննությունն սկսելը ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասի մնացած մասը, սակայն դրանից հետո որևէ միջոց չի ձեռնարկել պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։